ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին Նյու Դելիում քննարկել են Մերձավոր Արևելքի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտգործնախարարությունը։
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները փոխվստահության մթնոլորտում հանգամանորեն քննարկել են բանակցային գործընթացը, որը կոչված է կարգավորելու Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից սանձազերծված հակամարտությունը», – ասվում է հաղորդագրության մեջ:
Լավրովը նշել է Իրանի շուրջ հակամարտությունում հրադադարի պահպանման կարևորությունը։
«Ռուսական կողմը շեշտել է փխրուն հրադադարի ռեժիմի պահպանման, ինչպես նաև տարածաշրջանում իրադրության երկարաժամկետ և կայուն կարգավորման համար իրանա-ամերիկյան համապարփակ համաձայնության հասնելու նպատակով քաղաքական-դիվանագիտական ջանքերի խափանում թույլ չտալու կարևորությունը», – նշվում է հաղորդագրության մեջ:
ՌԴ ԱԳ նախարարը խոսել է Իրանի շուրջ հակամարտության կարգավորմանն աջակցելու Մոսկվայի պատրաստակամության մասին։
Լավրովը այսօր Նյու Դելիում մասնակցում է ԲՐԻԿՍ-ի և այդ միավորման գործընկեր երկրների արտգործնախարարների նիստին:
Sputnik Արմենիա
