Логотип

Միքայել Խաչատրյանը նշանակվել է ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում ՀՀ մաքսային կցորդ

ՊԵԿ-ից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի խորհրդական Միքայել Խաչատրյանը նշանակվել է Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդ։

Նորանշանակ կցորդն իր պարտականությունները կստանձնի 2026 թվականի հունիսի 1-ից՝ 3 տարի ժամկետով։ Նա կներկայացնի ՀՀ մաքսային ոլորտի շահերը Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում՝ նպաստելով միջազգային գործընկերության զարգացմանն ու մասնագիտական համագործակցության խորացմանը։

Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում մաքսային կցորդի գործունեությունն ունի առանձնահատուկ կարևորություն։ Այս նշանակմամբ նախատեսվում է նոր թափ հաղորդել Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում ՀՀ մաքսային կցորդի գործունեությանը՝ ապահովելով ՀՀ մաքսային ծառայության շահերի ներկայացումն ու պաշտպանությունը միջազգային հարթակներում: Կցորդի գործունեության եռամյա ծրագիրը նպատակաուղղված է ԵՄ մաքսային համակարգերին Հայաստանի ինտեգրմանը և երկրի տնտեսական գրավչության բարձրացմանը:

Հիշեցնենք, որ Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում ՀՀ մաքսային կցորդի պաշտոնը թափուր էր 2024 թվականի մարտի 16-ից։

Կենսագրական տեղեկություններ

Միքայել Խաչատրյանն իրավաբանական գիտությունների թեկնածու է: Նրա կրթական ուղին առանձնանում է միջազգային հեղինակություն ունեցող հաստատություններում ուսանելու փորձով. նա մագիստրոսի աստիճաններ է ստացել Բելգիայի Եվրոպայի քոլեջում և Ֆրանսիայի Վինսեն-Սեն Դենի համալսարանում: Մասնագիտական վերապատրաստում է անցել ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլետչերի դպրոցում՝ հանրային քաղաքականության և վարչարարության ոլորտում: Ունի միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքի հարուստ փորձ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության ՄԻԵԴ-ի հետ կապերի վարչությունում, եղել է Եվրոպական առողջապահական պառլամենտի անդամ (Բրյուսել): 2016-2022 թվականներին զբաղեցրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Միջազգային համագործակցության վարչության պետի պաշտոնը: 2025 թվականի մարտի 10-ից ստանձնել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի խորհրդականի պաշտոնը՝ հանդիսանալով Պետական եկամուտների կոմիտեում ԵՄ-ի հետ կապերի հարցերով հիմնական պատասխանատու անձը։ Շուրջ 50 գիտական աշխատությունների հեղինակ է:

Գերազանց տիրապետում է անգլերենին, ռուսերենին և ֆրանսերենին:

News.am