Մայիսի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը։ Այս առիթով Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ՝ ձեռամբ Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի։
Սրբազան Հայրն իր քարոզում նշեց՝ Քրիստոս համբարձվեց, ու մեզ թվում էր, թե մնացինք մենակ, բայց Քրիստոս համբարձվեց, որ լինի ամենուր։
Էջմիածինը, ինչպես նշեց Մուշեղ Սրբազանը, հայ ժողովրդի դարերով բաբախող սիրտն է։
Համբարձման տոնին հիշատակվում է նաև 1441 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական օրը: Սուրբ Պատարագի ավարտին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Հայրապետական մաղթանք։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանի և հրատարահչական բաժնի տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանը նշում է՝ կաթողիկոսական աթոռը վերադարձնելու երազանքը չէր դադարել, հոգևորականները հույս ու երազանք էին հայտնում աթոռը կրկին վերահաստատված տեսնելու Սուրբ Էջմիածնում, ինչի համար պայքարեցին։
Կաթողիկոսական աթոռը, Տեր Հոր խոսքով, պատահական չէր, որ նպատակադրված կերպով դարեր շարունակ հեռանալուց հետո փորձում էին վերահաստատել Էջմիածնում։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը միայն եկեղեցական հաստատություն չէ, այն հայոց պատմական գոյության առանցքն է, պետականության հիշողության պահապանը և ազգային վերածնունդների լուռ, բայց վճռական կերտողը։
Մայր Աթոռի շրջափակում այսօր Հայորդաց տների սաների կատարմամբ տոնի առթիվ կազմակերպվեց նաև մշակութային միջոցառում։
Aysor.am
