«Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի խուզարկությունից հետո ձերբակալված գրասենյակի ղեկավար Մացակ Մաթոսյանը դատական նիստերի դահլիճից ազատ է արձակվել։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթի շրջանակում խուզարկություններ է կատարել։ Մեկ անձ ձերբակալվել է։
«Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ էր նախաձեռնել «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակի ղեկավար անձնակազմի նկատմամբ և ներկայացրել էր կալանավորման միջնորդություն։ Մացակ Մաթոսյանը դատական նիստերի դահլիճից ազատ արձակվեց։ Հ.գ. Քարոզարշավի ժամանակ քարոզարշավ կարելի է և պետք է անել»,– գրել է փաստաբանը։
Կոչուբաևը նշել է, որ կալանավորման միջնորդությունը մերժել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը։
Նշենք, որ Պետրոսյանը եղել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի կալանք խափանման միջոցը տնային կալանքով փոխած դատավորը։ Դատավոր Պետրոսյանն է քննում նաև ՀՀ 2–րդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի գործը։
Ի դեպ, 2018 թվականին դատավոր Պետրոսյանը եղել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, սակայն հետո դադարեցրել է իր անդամակցությունը։
Sputnik Արմենիա
