Логотип

Լավրով․ Ռուսաստանն ու Հայաստանը բարդ հարաբերություններ ունեն Արևմուտքի պատճառով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Եվրամիությունը Հայաստանին իր ուղեծիր է քաշում. Երևանը կարող է կորցնել իր բոլոր առավելությունները ԵԱՏՄ-ի շրջանականերում։

«Մենք Հայաստանի հետ հարաբերություններ ունենք։ Այդ հարաբերությունները մտերիմ են, դաշնակցային, բայց միևնույն ժամանակ՝ բարդ, հաշվի առնելով այն, թե ինչպես է Արևմուտքը փորձում Հայաստանին, Անկախ պետությունների համագործակցության որոշ այլ անդամների օրինակով, կրկին ենթարկեցնել իրեն, խզել Հայաստանի թե՛ փոխշահավետ տնտեսական ու առևտրային, և թե՛ ներդրումային կապերը ԱՊՀ-ի և Եվրասիական տնտեսական միության իր գործընկերների հետ», – ասել է նա։

Լավրովը հավելել է, որ մայիսին սպասվող ԵԱՏՄ գագաթնաժողովում հնարավորություն կլինի քննարկել Հայաստանին իր ուղեծիր ներքաշելու Արևմուտքի փորձերը, և ափսոսանք է հայտնել, որ Փաշինյանը չի մասնակցելու գագաթնաժողովին։

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 1-ին Կրեմլում Հայաստանի վարչապետին ընդունելիս բաց տեքստով անդրադարձել է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի թեմային։ Նա հայտարարել է, որ Ռուսաստանը հարգում է հայ ընկերների ցանկացած ընտրություն, սակայն ԵԱՏՄ շրջանակներում պարտավորությունները չեն կարող պահպանվել, եթե երկիրը ԵՄ-ին անդամակցելու ուղին բռնի։

Նա հիշեցրել է, որ դրանք պարզապես փոխբացառող պարտավորություններ են՝ ներառյալ առևտրային ռեժիմները և շատ այլ հարցեր։

«Մենք այստեղ բացարձակ ազնիվ ենք հայ ընկերների հետ։ Մեր դաշնակցային պարտականությունն է բացատրել, թե ինչպես են կառուցվում տնտեսական ինտեգրացիոն գործընթացները ժամանակակից աշխարհում, և թե ինչով է ԵԱՏՄ–ն տարբերվում ԵՄ–ից»,-ասել է նա։

Լավրովն օրինակ է բերել Բրյուսելի և Սերբիայի միջև բանակցությունները։ Ըստ նրա գնահատականի՝ բոլոր նրանց, ովքեր ցանկանում են մերձենալ և անդամակցել ԵՄ-ին, պայմաններ են առաջադրվում, որոնցից մեկը լիակատար միացումն է արտաքին քաղաքական գործունեությանը՝ բացահայտ մոլի ռուսատյացությամբ։

«Կարծում եմ, որ հայ գործընկերները նույնպես տեղյակ են այդ մասին և հաշվի կառնեն դա։ Իսկ առհասարակ, ես շատ լավ անձնական շփումներ ունեմ իմ գործընկերոջ՝ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Ճիշտ է՝ հիմնականում հեռախոսով ենք շփվում։ Վերջերս մեզ մոտ ԱՊՀ արտաքին գործերի նախարարների հանդիպումն էր։ Հայաստանից մասնակցում էր փոխնախարարը, բայց նա մեզ քաջ հայտնի է»,-ասել է Լավրովը։

Նա հավելել է, որ բոլոր հարցերը քննարկելու հնարավորություն կլինի մայիսի վերջին, երբ Աստանայում կկայանա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։

Sputnik Արմենիա