Логотип

«Ռոսսելխոզնադզորը» կանցկացնի հայկական որոշ ձեռնարկությունների ստուգումներ

«Ռոսսելխոզնադզորը», Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանի հետ բանակցությունների արդյունքներով, կանցկացնի որոշ հայկական ձեռնարկությունների ստուգումներ, հայտնել է գերատեսչությունը։

Մասնավորապես, հայկական կողմի խնդրանքով «Ռոսսելխոզնադզորը« կստուգի այն ձեռնարկությունները, որոնցից Ռուսաստան մատակարարումները կասեցվել էին՝ ենթադրաբար եվրոպական ծագում ունեցող կեղծված ձկնամթերքի ներմուծման կասկածի պատճառով։ Գերատեսչությունում պարզաբանել են, որ ներմուծված ծիածանափայլ իշխան ձկան, այդ թվում՝ լուսանկարների նախնական ստուգումն ու նյութերի վերլուծությունը «Ռոսսելխոզնադզորի» մոտ կասկածներ են առաջացրել այն հումքի ծագման վերաբերյալ, որից արտադրվել է տվյալ արտադրանքը։

«Անասնաբուժական փաստաթղթերում հայտարարված ծիածանափայլ իշխանը ըստ ձևաբանական հատկանիշների չէր համապատասխանում ներմուծված ձկանը։ Այն ուներ այս տեսակին ոչ բնորոշ գունավորում և անոմալ մեծ քաշ՝ ավելի քան 5,5 կիլոգրամ։ Սա վկայում է, որ ձուկը պատկանում է այլ տեսակի սաղմոնազգիների կամ իշխանի այլ տեսակների, ինչն ապրանքի կեղծման նշան է։ Սաղմոնի աճեցումն ու իրացումը ավելի բնորոշ են եվրոպական երկրներին, և նման արտադրանքը կարող է հայտնվել հատուկ տնտեսական միջոցների (պատժամիջոցների) ազդեցության տակ», – հայտնել են «Ռոսսելխոզնադզորից»։

Բացի այդ, ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքներով, հայկական կողմի խնդրանքով, իսկապես հայկական և բուսասանիտարական առումով անվտանգ արտադրանքի մատակարարումն ապահովելու նպատակով, նախատեսվում է «Ռոսսելխոզնադզորի» ստուգում հանրապետության բուսաբուծական ձեռնարկություններում։ Ծառայությունը մտահոգություն է հայտնել՝ կապված Հայաստանից Ռուսաստան մուտք գործող կարանտինային վերահսկողության ենթակա արտադրանքում ԵԱՏՄ անդամ պետությունների համար կարանտինային օբյեկտների հայտնաբերման դեպքերի աճի հետ։

News.am