Логотип

Խուճապի մեջ է, չի տիրապետում ներվերին. Ծառուկյանը` Փաշինյանի այսօրվա հայտարարության մասին

Եթե Արարատի ցեմենտի գործարանը ՀՀ գործող իշխանությունը խլի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանից, դրա պատասխանը տալու է ամբողջ պետությունը, քանի որ դա մասնավոր սեփականություն է։ Այսօր նախընտրական քարոզարշավի ժամանակ այս մասին հայտարարեց Ծառուկյանը` արձագանքելով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը Արարատի ցեմենտի գործարանի մասին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լոռու մարզի Շնող համայնքում ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ շատ շուտով ԲՀԿ ղեկավարի` Գագիկ Ծառուկյանի բիզնես ողնաշարը` Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը, ինչպես նաև կնշանակվի ժամանակավոր կառավարիչ։

«20 տարի առաջ գործարանը ձեռք եմ բերել ու հիմա քննադատական խոսք եմ ասում իշխանությունների հասցեին, ու դա չի նշանակում, որ պետք է խառնվեն իրար ու ինչ–որ բաներ անեն։ Երբ իրականությունն եմ ասում, խառվել են իրա՞ր։ Մինչդեռ իշխանությունը ոչ մի լավ բան չի անում և իր արածների պատասխանը չի տալիս»,– հայտարարեց Ծառուկյանը։

Նրա խոսքով` 25 տարի առաջ գործարանը ձեռք է բերել օրինական ճանապրհով, հարկերը վճարել է։

«Այսօր Ծառուկյանին վախեցնում են, թե գործարանը վերցնում ենք, տալիս ժողովրդին…քո ցավն էլ տանեմ. օրենքի առաջ բոլորն էլ հավասար են։ Եթե անօրինական պիտի խլես, դրա պատասխանը դու ես տալու ու պետությունը, քանի որ դա մասնավոր սեփականություն է։ Հասկացեք` նա (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին–խմբ.) արդեն խուճապի մեջ է, չի տիրապետում իր ներվերին»,– նշեց ԲՀԿ ղեկավարը։

Ըստ Ծառուկյանի` սա նշան է նրա, որ իշխանությունն արդեն զգում է, որ իրենց վերջը եկել է:

Sputnik Արմենիա