Логотип

ՀՀ-ից դուրս միայն գործարար է եղել. Նարեկ Կարապետյանը` հորեղբոր և «ԱԴԾ-ի կապի» մասին

«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը ՀՀ–ից դուրս միայն գործարարությամբ է զբաղվել։ Ֆեյսբուքյան եթերում այս մասին հայտնում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։

«The Insider» լրատվամիջոցը մայիսի 19-ին հրապարակում էր արել, ըստ որի` Սամվել Կարապետյանը ՌԴ–ում արտասահմանյան անձնագիր է ստացել 1999 թվականին, և, ըստ արտահոսած տվյալների, նրա անձնագրային ֆայլում «աշխատանքի վայր» սյունակում նշված է «ԱԴԾ տեղեկատվական կենտրոն» (ИЦ ФСБ)։

«Երեկ ֆեյքերի օր էր, մեկն իմ` այլ երկրի քաղաքացիություն ունենալու հետ կապված, մյուսն էլ` Սամվել Կարապետյանի` ՌԴ–ում պետական համակարգում աշխատելու վերաբերյալ։ Սամվել Կարապետյանը բացի գործարարությունից երբեք ՀՀ–ից դուրս որևէ բանով չի զբաղվել, ես էլ արդեն ասել եմ` որևէ օտարերկրյա քաղաքացիություն չեմ ունեցել»,– ասում է Կարապետյանը։

Պարզելու համար, թե ինչ իրավական հետևանք կարող է ունենալ այդ հրապարակումն ու «փաստաթուղթը», Sputnik Արմենիան դիմեց իրավաբանի, որը վստահեցրեց` ԱԴԾ գործակալ լինելու դեպքում որևէ մեկը դա որպես աշխատանքի վայր չի նշում։

Իրավաբանը հավելեց, որ ՌԴ օրենսդրությամբ չի թույլատրվում աշխատել ԱԴԾ–ում ու գործունեություն ծավալել միևնույն ժամանակ գործարար ոլորտում ։

Հիշեցնենք` «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը դատի է տալու զրպարտության համար։ Քաղաքական ուժը նշել է, որ խոսքը մասնավորապես վերաբերում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի մասին հրապարակումներին և հայտարարություններին։

Փաստաբանական թիմը հայցադիմումներն արդեն պատրաստում է, դատական կարգով գանձվող գումարներն էլ պատրաստվում են ուղղելու Սևանի հոգեկան առողջության կենտրոնին` սենյակների վերանորոգման համար։