ՀՀ դատախազությունը խախտումներ է հայտնաբերել «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացում և քրեական վարույթ նախաձեռնելու հաղորդում է ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։ Տեղեկությունը հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր Լոռու մարզի Շնող համայնքում հայտարարեց, որ շատ շուտով ԲՀԿ ղեկավարի` Գագիկ Ծառուկյանի բիզնես ողնաշարը` Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը, նշանակվելու է ժամանակավոր կառավարիչ։ Ավելի ուշ Ծառուկյանն արձագանքեց այս հայտարարությանը` նշելով, որ եթե գործող իշխանությունը խլի գործարանը, դրա պատասխանը տալու է ամբողջ պետությունը, քանի որ դա մասնավոր սեփականություն է։
«Վարույթի քննությանը զուգահեռ դատախազությունը մայիսի 5–ին գրություն է հասցեագրել ՀՀ կառավարությանը՝ առաջարկելով քննարկել ընկերությունում առկա խախտումները և դրանց հետևանքները վերացնելու նպատակով պատշաճ վարչարարություն իրականացնել, այդ թվում, օրինակ, ընկերությունում ժամանակավոր կառավարիչ նշանակել»,– ասված է դատախազության հաղորդագրության մեջ:
Նույնը օրը` մայիսի 5–ին, դատախազությունը նաև հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։
Դատախազության հաղորդման հիման վրա մայիսի 7-ին քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է այլ ծանր հետևանք) (2 դրվագ) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը) հատկանիշներով:
Այս գործընթացը դատախազությունը նախաձեռնել է` ուսումնասիրելով «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման որոշումը:
Ըստ դատախազության ներկայացրած հաղորդագրության` ՀՀ կառավարության` 2001 թվականի հուլիսի 31-ի որոշմամբ ձևավորվել է մրցութային հանձնաժողով՝ «Արարատցեմենտ» ընկերության՝ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մրցույթով մասնավորեցնելու նպատակով: Գնման առաջարկ են ներկայացրել «Holcim LTD» շվեյցարական և «SK.Ajikawo Group» անգլիական կազմակերպությունները:
Մրցույթում հաղթող է ճանաչվել «Holcim LTD» շվեյցարական կազմակերպությունը, սակայն մեկ ամիս անց պետական գույքի կառավարման նախարարին հասցեագրած գրությամբ հայտնել է, որ կազմակերպության տնօրենների խորհուրդն առանց պատճառաբանությունների մերժել է ներդրումային ծրագիրը:
ՀՀ կառավարության` 2002 թվականի սեպտեմբերի 12-ի որոշմամբ «Արարատցեմենտ» ընկերության՝ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքով մասնավորեցրել է «Ռոբերտո» բելգիական կազմակերպությունը: Մասնավորեցվող բաժնետոմսերի գին է սահմանվել 200.000 դոլարը:
«Ռոբերտո» ընկերության հիմնադիրները եղել են ՀՀ քաղաքացիներ Ազատ, Ռոբերտ և Ռոման Մուրադյանները, որոնցից յուրաքանչյուրի բաժնեմասը կազմել է 250.000 բելգիական ֆրանկ (այն ժամանակ եվրոն դեռ գործածության մեջ չէր): Ընկերության ընդհանուր կապիտալը եղել է 750.000 ֆրանկ (հավասար է 18.592 եվրոյի):
«Ռոբերտո» ընկերության կառավարիչ է նշանակվել Վահագն Գուլոյանը, որը ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանի խնամու՝ նախկին պատգամավոր Մուրադ Գուլոյանի կրտսեր եղբայրն է, Ծառուկյանի փեսայի՝ Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի հորեղբայրը:
6 ամիս անց՝ 2003 թվականի մարտի 23-ին, «Ռոբերտո» ընկերության ժողովը որոշել է ընկերության միանձնյա կառավարիչ նշանակել Գագիկ Ծառուկյանին՝ առանց ժամկետի սահմանափակման:
2003 թ. հունիսի 26-ին Բրյուսելի դատարանը հայտարարել է «Ռոբերտո» ընկերության լուծարման գործընթացի մասին, որն ավարտվել է 5 տարի անց՝ 2008 թվականի դեկտեմբերի 18-ին:
Sputnik Արմենիա
