Логотип

Զրպարտություն է. Նարեկ Կարապետյանի փաստաբանը հերքում է պահանջում ՔԿ-ից

Նարեկ Կարապետյանի փաստաբան Վարդան Ալոյանը ՀՀ քննչական կոմիտեից պահանջում է հերքում հրապարակել իր վստահորդի հասցեին հրապարակված զրպարտության վերաբերյալ։ Այս մասին փաստաբանը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում։

Նշենք, որ արձակուրդում գտնվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ավելի վաղ «Տելեգրամի» իր էջում ինչ-որ «փաստաթուղթ» էր հրապարակել իրավաբանական անձանց մասին, որտեղ նշվում էր, թե Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի է։ Նարեկ Կարապետյանն էլ հայտարարել էր, որ ինքը բացի Հայաստանից` այլ քաղաքացիություն չունի։

Մայիսի 20-ին էլ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց՝ պնդելով, որ խորհրդարանական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համարով առաջադրված պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանը դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը։

«Զրպարտություն է այն, թե Նարեկ Կարապետյանը պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելու համար թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը։ ՔԿ–ն պնդում է նաև, իբր Նարեկ Կարապետյանը ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն է ներկայացրել այլ պետության քաղաքացի չլինելու մասին բովանդակությամբ կեղծ դիմում։ Սա նույնպես զրպարտություն է։ ՔԿ–ն վարույթ հարուցելու պարագայում իրավունք չունի ուսումնասիրման ենթակա տեղեկությունը հանրությանը ներկայացնել որպես հաստատված փաստ։ Այդպիսով մոլորեցնում են հանրությանը և ակնհայտորեն վիրավորում անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը»,– գրել է Ալոյանը։

Նրա խոսքով` նախընտրական քարոզչական փուլում սա արատավոր երևույթ է, քանի որ թիրախավորվում է նաև քաղաքական ուժը և նրա առաջին համարով առաջադրված պատգամավորի թեկնածուն։ Ըստ փաստաբանի` սա արատավոր երևույթ է նաև այն պարագայում, որ տարածվել է ակնհայտ կեղծ տեղեկություն։

«Եթե հերքումը անհապաղ չհրապարակվի բոլոր այն վայրերում, որտեղ կոմիտեն հրապարակել է զրպարտություն հանդիսացող տեղեկությունը, ապա իրավունքների պաշտպանության համար համապատասխան հայց կներկայացվի դատարան»,– ընդգծել է Ալոյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը հայտարարեց, որ իրենց քաղաքական ուժն այսուհետև սկսելու է դատի տալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը` ապատեղեկատվություն տարածելու համար։

Sputnik Արմենիա