Логотип

Արման Աբովյանը՝ ՔՊ-ականներին. Դուք կա՞յֆ եք ստանում թուրքի տակ տրնգի պարելուց

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արման Աբովյանը հրատապ մամուլի ասուլիսի ընթացքում կոշտ հայտարարություններով է հանդես եկել՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին, «Արարատ ցեմենտի» շուրջ ստեղծված իրավիճակին և իշխանությունների քաղաքական վարքագծին։

Աբովյանը իր խոսքի սկզբում նշել է, որ տեղի ունեցող զարգացումները մեծ արձագանք են ստացել ադրբեջանական մամուլում՝ դա համարելով ուշագրավ հանգամանք։

«Սա ադրբեջանական մամուլն է։ Առաջինը, ով հրճվանքով, ծափահարություններով, տրնգի պարելով ողջունեց այսօրվա պերֆորմանսը Փաշինյանի՝ կապված Ծառուկյանի հետ, ադրբեջանցիներն էին, ադրբեջանական մամուլը։ Անմիջապես արձագանքեցին։ Կարո՞ղ է մի բան կա, մենք չգիտենք, հը՞ ժողովուրդ», — հայտարարել է նա։

ԲՀԿ ներկայացուցիչը նաև արձագանքել է իշխանության ներկայացուցիչների կողմից հնչող «մաֆիայի» մասին հայտարարություններին՝ պնդելով, որ հենց իշխանություններն են գործում այդ մեթոդներով։

«Խոսում են մաֆիայից։ Մաֆիայից խոսում են այն մարդիկ, ովքեր ըստ էության գործում են որպես մաֆիա։ Կարող է տեղյակ չեն, բայց վստահաբար փոքր ժամանակ ֆիլմեր նայել են, և հենց ֆիլմերում է, որ մաֆիան է մարդկանցից ունեցվածք խլում, ոչ թե հակառակը», — ասել է Աբովյանը։

Նրա խոսքով՝ վերջին զարգացումները լիովին տեղավորվում են Ադրբեջանի քաղաքական շահերի շրջանակում։

«Բոլոր այն գործընթացները, որոնց մենք ականատես ենք լինում, հստակ տեղավորվում են Ադրբեջանի պետական դոկտրինի մեջ՝ Հայաստանին թուլացնելու նպատակով», — նշել է նա։

Աբովյանը նաև կոշտ արտահայտություններ է օգտագործել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հասցեին։

«Ես ստիպված եմ օգտագործել ՔՊ որոշ բարձրաստիճան պաշտոնյաների այսօրվա բառապաշարը և մի հարց տալ․ «Արա, դուք կայֆ եք ստանում թուրքի տակ տրնգի պարելով»», — հայտարարել է նա։

Նրա գնահատմամբ՝ իշխանությունների կողմից ներկայացվող բացատրությունները «հեքիաթներ» են։

«Այս պարագայում շատ հետաքրքիր է այն հեքիաթահյուսությունը, որին այսօր ականատես եղանք։ Հոռոմ տատու հեքիաթներն են՝ առավոտից երեկո։ Ինձ մոտ տպավորություն է, որ թե Փաշինյանը, թե իր սազանդարները կարծում են, որ մարդիկ ոչինչ չեն հասկանում։ Բայց սխալվում եք, մարդիկ անմեղսունակ չեն», — ասել է Աբովյանը։

Նա հեգնական ձևով շարունակել է իր խոսքը՝ դիմելով իշխանության ներկայացուցիչներին։

«Մի հատ այդ հոռոմ տատու թաշկինակը կապեք, դուրս եկեք արևածաղիկ վաճառեք։ Ամենայն հարգանքով բոլոր արևածաղիկ վաճառողների նկատմամբ։ Ժողովուրդ ջան, իրենց կողքից այս կողմ նստեք, հետները չնստեք՝ հաստատ չի ծախվի։ Ու այդ հեքիաթները պատմեք», — նշել է նա։

Աբովյանը տեղի ունեցող գործընթացները բնութագրել է որպես «պետական ռեկետ»։

«Բանդիտիզմ և պետական ռեկետ։ Ուրիշ բառ և ուրիշ որակում այստեղ չկա։ Բանդիտիզմ և պետական ռեկետ», — ընդգծել է ԲՀԿ ներկայացուցիչը։

Նա նաև անդրադարձել է վերջին միջադեպերին՝ խոսելով քաղաքացիների նկատմամբ վերաբերմունքի մասին։

«Այսօր մարդուն բռնում են պաստառ պոկելու համար, հասցնում են այն վիճակի, որ ինքնասպան է լինում։ Այսօր մի պապիկ Փաշինյանի միտինգի ժամանակ ուզում էր հարց տալ՝ ինչի համար իր թոռանը վառեցին։ Հիշո՞ւմ եք այն դեպքը, երբ 15 զինվոր տղաներ այրվեցին։ Բերանը փակելով՝ հանում են դուրս», — հայտարարել է Աբովյանը։

ԲՀԿ անդամը նաև անդրադարձել է «Արևմտյան Ադրբեջան» թեմային։

«Կարո՞ղ է կարծում եք՝ սա «Արևմտյան Ադրբեջանն” է։ Չէ՛, սա Հայաստանի Հանրապետությունն է», — ասել է նա։

Աբովյանը իր խոսքի վերջում կրկին շեշտել է, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ Գագիկ Ծառուկյանը երբեք չեն փոխի սեփականությունն ու նյութական արժեքները հայրենիքի հետ։

«Շատ եք սիրում «ծոծրակ», «ականջ» բառերը օգտագործել։ Ուրեմն ձեր ծոծրակներին օղ արեք՝ ոչ թե նայեք, այլ հիշեք․ ո՛չ Ծառուկյանը, ո՛չ մենք երբեք սեփականությունը հայրենիքի հետ չենք փոխում», — եզրափակել է Արման Աբովյանը։

News.am