Логотип

Փաշինյանի հետ վիճաբանած Օսիպյանը 2 ամսով կալանավորվեց

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանած, ապա ձերբակալված Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը կալանավորվեց: Տեղեկությունը հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը:

«Դատավոր Շահվերդյանն Արթուր Օսիպյանին կալանավորեց 2 ամսով։ Ափսոս, դատական նիստը դռնփակ էր»,- գրել է Երիցյանը:

Կալանավորման միջնորդությունը բավարարել է Երևանի քրեական դատարանի Ավանի նստավայրի դատավոր Մանվել Շահվերդյանը:

Փաստաբանն իր գրառմանը նաև տեսագրության հղում է կցել, որում մի տղամարդ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին մեղադրում է 2008 թվականի մարտի 1-ի գործողությունների մեջ, նրան դավաճան և մարդասպան է անվանում: Երիցյանը հռետորական հարց է հնչեցրել՝ արդյոք տեսանյութի մեջ բռնության կոչի, քարոզարշավը խոչընդոտելու և խուլիգանության հանցակազմ չկա:

Հիշեցնենք՝ Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը մայիսի 18-ին ձերբակալվեց Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո։ Մինչ այդ նա սոցիալական ցանցի իր էջում գրել էր. «Թե Նիկոլի տեղը իմացող կա, ասեք` բմբուլները օդ հանեմ։ Բա կերավ մեր միսը»։

Օսիպյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքրի 330-րդ (բռնության հրապարակային կոչ), 297-րդ (խուլիգանություն) և 211-րդ (մի խումբ անձանց կողմից քարոզչություն իրականացնելուն խոչընդոտելը) հոդվածներով:

Sputnik Արմենիա