Логотип

Իշխանության գալուց հետո օրենքով կարգելենք ադրբեջանցիներին հողեր և տներ գնել ՀՀ-ում

«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ իշխանության գալու դեպքում իրենց քաղաքական ուժն օրենսդրական փոփոխություններով կսահմանի արգելք, որով ադրբեջանցիները չեն կարողանա Հայաստանում անշարժ գույք գնել կամ նվեր ստանալ։

 «Օրենքներ ենք ընդունելու, արգելելու ենք ադրբեջանցիներին հողեր և տներ գնել Հայաստանում, նվերներ ստանալ Հայաստանում»,- ասել է նա։

Ըստ Կարապետյանի՝ 300 000 ադրբեջանցի «արդեն պլանավորում է ներխուժել Հայաստան»՝ գնելով տներ ու հողատարածքներ։

«Բոլորն արդեն գիտեն, որ իրենց համար ազատվում են գյուղեր, դպրոցներ, մանկապարտեզներ»,- հավելել է դաշինքի առաջնորդը։

Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի այն հայտարարությունը, որ 300 000 ադրբեջանցիների «գլխավոր պահանջն իրենց հայրենիք վերադառնալն է», Կարապետյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանի կառավարության պաշտոնյաների հայտարարությունները երկրում ադրբեջանցիներին վերաբնակեցնելու ծրագրերի բացակայության մասին զայրացրել են Ալիևին։

«Ինձ թվում է՝ իրենց շեֆը բարկացել է, իր խորհրդականի միջոցով զգուշացրեց, որ խելոք մնացեք, ձայներդ կտրեք, դուք չեք որոշում, մենք ենք որոշում։ Դա առաջին զգուշացումն էր։ Ես անհանգստություն ունեմ, որ եթե շարունակեն հրաժարվել, նույնիսկ գործողություններ կլինեն»,- հայտարարել է Կարապետյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագծի, այդ թվում՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում քաղաքական ընդդիմախոսների և կանանց հետ շփումների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Կարապետյանը կարծիք է հայտնել, որ դա պայմանավորված է դաստիարակությամբ։ Նրա խոսքով՝ «տպավորություն է ստեղծվում, որ փոքրիկ խմբակի (ՀՀ իշխանությունների-խմբ.) դաստիարակությամբ զբաղվել են գորշ գայլերը»։

«Վերականգնելու ենք հայ կնոջ արժանապատիվ կերպարը, նույնիսկ, վստահ եմ, գալու է ժամանակ, որ հայ կինն է ղեկավարելու Հայաստանը։ Մեր ժողովուրդը հունիսի 7-ին պետք է իր խոսքն ասի այս ծանր երևույթների նկատմամբ»,- եզրափակել է Կարապետյանը։

Armenia Today