Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել։ Aysor.am-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությանը։
«Իսկ մենք այդպիսի ցանկություն չենք ներկայացրել, հետևաբար չի կարող մեր հեռացման հարցը քննարկվել»,– հավելել է նախարարը։
Հարցին՝ ՀՀ-ն ե՞րբ որոշում կկայացնի՝ Միրզոյանը պատասխանել է. «Երբ հարցի քննարկման անհրաժեշտություն լինի։ Ես ոչ մի ժամկետ չեմ կարող ասել, այդպիսի խնդիր մեր օրակարգում դրված չի այսօր»։
Դիտարկմանը՝ հնարավո՞ր է ԵԱՏՄ-ում ՀՀ-ի անդամակցությունը սառեցվի, մինչև ՀՀ-ն կողմնորոշվի, Միրզոյանն արձագանքել է. «Չի կարող այդպիսի բան լինել։ Դա ՀՀ-ի կոնսենսուսային ձայներով որոշվող, առաջնորդվող կազմակերպություն է, ինչպե՞ս կարող է այդպիսի բան լինել»։
