Логотип

Գագիկ Ծառուկյան․ Ցավոք, իշխանությունները հերթական անգամ փորձում են ընտրարշավը վերածել սպառնալիքների

Սյունիքի մարզում՝ Մեղրիում, Ագարակում և Կապանում, մեր հայրենակիցների ջերմ ընդունելությունն ու վստահությունը ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ մարդիկ սպասում են լավ փոփոխությունների, հայտնել է Գագիկ Ծառուկյանը։

«Այս օրերին, ցավոք, իշխանությունները հերթական անգամ փորձում են ընտրարշավը վերածել սպառնալիքների, քաղաքական շանտաժի և վախի մթնոլորտի։ Ժողովրդավարության մասին բարձր խոսողները այսօր չեն հանդուրժում այլակարծությունը, իսկ ընդդիմության յուրաքանչյուր քննադատություն ընդունում են ագրեսիայով ու ճնշումներով։

Բայց մարդիկ այլևս չեն ուզում ապրել ատելության և թշնամանքի մթնոլորտում։ Ոչ մի ապօրինի ձերբակալություն կամ քաղաքական հետապնդում չի կարող լռեցնել ժողովրդի ձայնը։

Կոչ եմ անում չհուսահատվել և չկորցնել հավատը։ Շատ շուտով միասին սկսելու ենք նոր ճանապարհ՝ ավելի համախմբված և վստահ վաղվա օրվա նկատմամբ։ Մեր նպատակը հայ մարդու արժանապատվության, պետության նկատմամբ վստահության և ազգային միասնության վերականգնումն է»,-նշել է նա։

Aysor.am