Логотип

Կոբախիձե․ Եվրամիությանը չի հաջողվի պառակտում մտցնել Վրաստանի և Հայաստանի հարաբերություններում

«Մենք առավելագույնս սատարում ենք մեր բարեկամ երկիր Հայաստանին և հայ ժողովրդին», — «Իմեդի LIVE»-ի եթերում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Կոբախիձեն պատասխանել է այն հարցին, թե ինչպիսի տպավորություն է թողնում իր վրա Բրյուսելի որոշակի շրջանակների վերաբերմունքը Վրաստանի և Հայաստանի նկատմամբ։

«Ինչ վերաբերում է Հայաստանի հետ համեմատություններին, ապա մեզ համար դա փոքր-ինչ անհարմար թեմա է, քանի որ մենք հարևաններ ենք, ունենք շատ ջերմ հարաբերություններ և ռազմավարական գործընկերություն։ Ուստի, մեր կողմից սխալ կլիներ մեզ համեմատել Հայաստանի հետ։ Մենք, բնականաբար, նման բան չենք անի. դա պարզապես ճիշտ չէր լինի։

Իսկ առհասարակ, ես կցանկանայի անդրադառնալ թե՛ տեղական գործակալների, թե՛ նրանց արտասահմանյան հովանավորների կողմից մեզ և Հայաստանին իրար դեմ հանելու փորձերին։ Դա որևէ հաջողություն չի ունենալու ո՛չ մի ասպեկտով և ո՛չ մի ուղղությամբ։ Մենք առավելագույնս սատարում ենք մեր բարեկամ երկիր Հայաստանին և հայ ժողովրդին։ Սա միակ բանն է, որ կարող ենք ասել Հայաստանի հասցեին։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով առանձնահատուկ վերաբերմունք է ցուցաբերում Վրաստանի նկատմամբ, և դա արտահայտվում է բարեկամական հարաբերություններով, այդ թվում՝ անմիջապես կառավարությունների միջև։ Նա նույնիսկ ուղղակիորեն ասել է, որ առանց Վրաստանի՝ Հայաստանի եվրոինտեգրման մասին խոսակցություններն անհնարին կլինեին։

Դուք հիշում եք, թե դրանից հետո ինչ հայտարարություն արեց եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։ Նա ասաց, թե իբր Հայաստանը Կենտրոնական Ասիան Եվրոպային միացնող կարճագույն ճանապարհն է։ Ըստ ամենայնի, տնտեսական լճացումից և այլ «բարիքներից» բացի, եվրոպացի բյուրոկրատներն այդքան էլ ուժեղ չեն աշխարհագրությունից», — հայտարարել է վարչապետը։

News.am