Логотип

Թևանյան․ ՌԴ ռազմաբազայի հեռացումից հետո հաջորդելու է Թուրքիայի զորքերի ներխուժումը

Հայաստանից ռուսական բազայի դուրսբերմանը կհետևի թուրքական զորքերի ներխուժումը։ Այս մասին մայիսի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող Անդրանիկ Թևանյանը։

Նա նկատել է, որ Թուրքիային ոչինչ չի խանգարել մտնել Իրաք, Կիպրոս և Սիրիա։ Թևանյանը հավելել է, որ այսօր մնացել է միայն մեկ գործոն, որը խանգարում է Թուրքիային կրկնել այդ սցենարը Հայաստանում։

Թևանյանը պարզաբանել է, որ խոսքը Ռուսաստանի և Իրանի գործոնի մասին է, և նրանց դիրքորոշման շնորհիվ է, որ Հայաստանը դեռևս գոյություն ունի որպես պետություն։

«Շատերին թվում է, թե ՄԱԿ-ի կողմից ճանաչված Հայաստանը կմնա քարտեզի վրա։ Սակայն իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով Հայաստանը կարող է կրկնել Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը»,- նշել է նա։

Նա հավելել է, որ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը բացահայտ հայտարարել է Նիկոլ Փաշինյանին սատարելու մասին, իսկ Ֆրանսիայի նախագահը, իր գնահատմամբ, ամոթալի միջամտություն է իրականացրել Հայաստանի ներքին գործերին, ինչն արգելված է ՀՀ օրենսդրությամբ։

«Արևմտյան որոշ շրջանակների ծրագրի իրականացումը նշանակում է, որ Հայաստանում կաճի Թուրքիայի ազդեցությունը»,- ընդգծել է Թևանյանը։

Նա հավելել է, թե չգիտի, թե ինչ հիմքով է Փաշինյանը ցանկանում, որ իր դեմ գործ հարուցվի։ «Հավանաբար հիմա գործ են կարում, բայց դրանք սպիտակ թելերով են կարված լինելու, և հանրությունը կտեսնի, թե ինչպիսի հանցավոր իշխանության հետ գործ ունի»,- նշել է Թևանյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով գլխավորում է ներկայումս երկրում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հանցագործության մասին հաղորդում կուղարկի Քննչական կոմիտե՝ ընդդեմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակում ընդգրկված Անդրանիկ Թևանյանի՝ ակնկալելով, որ նրա դեմ քրեական գործ կհարուցվի պետական դավաճանության հոդվածով։

News.am