Логотип

Արթուր Սարգսյանը տնային կալանքի տակ կմնա ևս 2 ամիս. դատարանը մերժեց միջնորդությունը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ։

Բագրատ Սրբազանի և մյուսների գործով այսօրվա՝ մայիսի 21–ի դատական նիստում նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը մերժեց փաստաբանների միջնորդությունները և Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգեց ևս 2 ամսով։

Նշենք` փաստաբան Էմին Խաչատրյանը միջնորդել էր, որ Արթուր Սարգսյանի խափանման միջոց տնային կալանքը փոխարինվի վարչական հսկողությամբ, որը կուղեկցվի նաև գրավի չափի 5 միլիոնով ավելացմամբ՝ 20 միլիոնը դարձնելով 25 միլիոն դրամ։

Պաշտպանը հիշեցրեց, որ Արթուր Սարգսյանը հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում պատգամավորի թեկնածու է, և նրան կալանքի տակ պահելով խախտվում է թեկնածուների համար հավասար պայմաններ ապահովելու օրենքի պահանջը։

Մեղադրող կողմն իր հերթին պահանջել էր տնային կալանքը երկարաձգել 3 ամսով. «Շարունակվում են առկա մնալ վարույթին խոչընդոտելու, ինչպես նաև նրա վրա դրված դատավարական պարտականությունները չկատարելու ռիսկերը։ Ճիշտ է՝ նախնական դատալսումներն ավարտվել են ու գործը տեղափոխվել է հիմնական դատալսումների փուլ, սակայն ապացույցների հետազոտում դեռևս չի անցկացվել»,– ասաց մեղադրող Հայկ Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է ընտրական քարոզարշավին մասնակցելուն՝ հանրային մեղադրողը նշեց, թե թեկնածուն կարող է ընտրական պրոցեսներին մասնակցել վստահված անձանց միջոցով։

«Ո՞նց եք պատկերացնում Արթուր Սարգսյանի կողմից իր իրավունքների իրացումն այս պայմաններում։ Նա պատգամավորի թեկնածու է, պետք է հնարավորություն ունենա հասարակության հետ շփվելու։ Եթե այսօր այն չփոխարինվի ավելի մեղմ խափանման միջոցով, ապա դա ուղիղ միջամտություն կլինի ընտրական պրոցեսին ու գործընթացին, քանի որ նա իր ընտրազանգվածի հետ շփվելով` կարող է ընդհանուր քվեարկության արդյունքների վրա ազդեցություն ունենալ։ Արթուր Սարգսյանն արդեն ապացուցել է, որ երբեք իր վրա դրված պարտականությունները չի խախտել»,– ասաց պաշտպանը։

Հիշեցնենք՝ փետրվարի 26-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Կարեն Ֆարխոյանի գլխավորությամբ, որոշեց 3 ամսով երկարաձգել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը։

Արթուր Սարգսյանը կալանավորված է 2025–ի հուլիսի 9-ից։

Ըստ Քննչական կոմիտեի` Բագրատ Սրբազանը և մյուսները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։

News.am