Նիդեռլանդների նախկին վարչապետ և ՆԱՏՕ-ի գործող գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին ցուցմունք տալու կկանչեն COVID-19 համավարակի ժամանակահատվածում Նիդեռլանդների իշխանությունների գործողությունները հետաքննող խորհրդարանական հանձնաժողովի հանրային լսումներում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով RTL Nieuws հեռուստաալիքին։
Բացի Ռյուտեից, հանձնաժողովը կլսի նաև առողջապահության նախկին նախարար Հուգո դե Յոնգեին և Հանրային առողջապահության ու շրջակա միջավայրի ազգային ինստիտուտի (RIVM) նախկին ղեկավար Յաապ վան Դիսելին։
Հետաքննության շրջանակում ընդհանուր առմամբ նախատեսվում է հարցաքննել 47 վկայի։ Լսումները կտևեն ինը շաբաթ և կընդգրկեն 2019 թվականի դեկտեմբերից մինչև 2022 թվականի գարուն ընկած ժամանակահատվածը՝ համավարակի սկզբից մինչև սահմանափակող միջոցների մեծ մասի չեղարկումը։
Հանձնաժողովը մտադիր է ուսումնասիրել համավարակի ժամանակ կառավարության և խորհրդարանի ընդունած որոշումները` ներառյալ լոքդաունների, պարետային ժամի, COVID-անցագրերի ներդրման, պատվաստումների անցկացման, ինչպես նաև առողջապահական համակարգի և կրթության վրա սահմանափակումների ազդեցության վերաբերյալ։
Մարկ Ռյուտեի կաբինետի քաղաքականությունը համավարակի շրջանում բազմիցս հանրային քննարկումների առարկա է դարձել, այդ թվում՝ «կոլեկտիվ իմունիտետի» ռազմավարության քննարկման, այնուհետև սահմանափակումների արագ մեղմացման պատճառով։
Sputnik Արմենիա
