Логотип

Արքեպիսկոպոս Եզրաս․ Մենք պետք է մեր ձայնով պաշտպանենք Մայր Եկեղեցին կեղծ բարեփոխիչներից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Մենք չենք կարող արժեզրկել մեր ձայնը, որովհետև հենց այդ ձայների ամբողջությամբ պետք է պաշտպանենք մեր հավատը և Մայր Եկեղեցին կեղծ բարեփոխիչներից»։ Այս մասին հայտարարել է պատրիարքական էքզարխը, Ռուսական և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ, Հայ Առաքելական Եկեղեցու արքեպիսկոպոս Եզրասը։

Նա բոլորին կոչ է անում մասնակցել Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրություններին՝ հանուն Հայաստանի երկարակեցության, հանուն ուժեղ Հայրենիքի, հանուն հայկական ինքնության պահպանման, արդարության և համերաշխության հաստատման, ինչպես նաև ազգային արժանապատվության վերականգնման։

Արքեպիսկոպոսի ուղերձում ասվում է.

«Սիրելի զավակներ հայ ժողովրդի։

Ինչպես ձեզ հայտնի է, հունիսի 7-ին հայրենիքում տեղի են ունենալու վճռորոշ խորհրդարանական ընտրություններ, որոնք կանխորոշելու են մեր Հայրենիքի և հայկական պետականության գոյության հարցը։

Մենք կանգնած ենք գոյութենական սահմանի առջև…

Ուստի մեզանից յուրաքանչյուրը, որպես իր ժողովրդին սիրող ու անտարբեր չմնացող հայ քրիստոնյա, որպես պատասխանատու և օրենքապահ քաղաքացի, ունի սուրբ պարտք և իրավունք անվերապահորեն մասնակցելու ընտրություններին, որով մենք կփրկենք մեր ինքնության սյուները, մեր ազգային սրբությունները, մեր Հայրենիքն ու պետականությունը կործանումից։

Եկեք չմեղանչենք անտարբերությամբ, որպեսզի հետագայում չստիպվենք խոնարհած գլխով մեր երեխաների առաջ ընդունել մեր մեղքը այն բանի համար, որ 2026 թ. ընտրություններում սեփական անտարբերության պատճառով մեր իսկ Հայրենիքում զրկվել ենք հայկական անձնագրից, ինչպես արցախահայերը՝ Արցախում։

Մենք չենք կարող արժեզրկել մեր ձայնը, որովհետև հենց այդ ձայների ամբողջությամբ պետք է պաշտպանենք մեր հավատը և Մայր Եկեղեցին կեղծ բարեփոխիչներից։

Ուրեմն՝ գործի, դեպի ընտրատեղամասեր։ Կատարենք ընտրություն հանուն Հայաստանի երկարակեցության, հանուն ուժեղ Հայրենիքի, հանուն հայկական ինքնության պահպանման, արդարության և համերաշխության հաստատման և ազգային արժանապատվության վերականգնման։

Ես անվերապահորեն հավատում եմ մեր ժողովրդի իմաստուն և արդար որդիներին, նրանց հավատարմությանը հոգևոր-ազգային արժեքներին, Հայրենիքին և Մայր Եկեղեցուն, ինչպես նաև նրանց խղճամիտ ընտրությանը։

Թող Աստծո օրհնությունն ու օգնությունը մեզ բոլորիս հետ լինեն առաջիկա ճակատագրական ընտրություններում»։

News.am