Логотип

Այլևս այսպես չի կարող շարունակվել. Վոլոդինը՝ ՌԴ-ի հետ Հայաստանի հարաբերությունների մասին

Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի ժողովրդի նկատմամբ բարեկամական բնույթ է կրում, սակայն ՌԴ-ն չի կարող լռության մատնել Հայաստանում տեղի ունեցող գործընթացները։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը:

«Քաղաքական առումով Փաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունվել են՝ հարաբերություններ կառուցել Ռուսաստանի ոչ բարեկամական երկրների հետ, որոնք փորձում են կործանել ՌԴ-ն», – գրել է նա MAX հարթակում։

Հայաստանի իշխանությունների որոշումների թվում նա նշել է ԱԺ կողմից ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի ընդունումը, Երևանի կողմից Միջազգային քրեական դատարանի իրավասության ճանաչումը և անդամակցությունը դրան:

Վոլոդինը նշել է, որ ԵԱՏՄ-ում մնալու Փաշինյանի ցանկությունը եվրասիական տարածքը ֆինանսական նպատակներով օգտագործել շարունակելու փորձ է, ինչի շնորհիվ արդեն Հայաստանն ունեցել է ՀՆԱ-ի 2,5 անգամ աճ:

«Մենք Հայաստանին գազ մատակարարում ենք գրեթե 4 անգամ ավելի էժան, ի վնաս մեզ (Հայաստանի համար գազի գինը 1000 խմ-ի համար կազմում է 177,5 դոլար, Եվրոպայում՝ 633 դոլար): Այս դժվարին պահին աջակցում ենք Հայաստանի տնտեսությանը, նրա քաղաքացիներին։ Ինչ ենք ստանում դրա դիմաց՝ Փաշինյանի ստորությունն ու անպարկեշտությունը», – հավելել է նա։

ՌԴ Պետդումայի պատգամավորների կարծիքով՝ Հայաստանի վարչապետը ոչ բարեկամական քաղաքականություն է վարում Ռուսաստանի Դաշնության նկատմամբ՝ ցինիկաբար օգտագործելով Ռուսաստանի ընձեռած հնարավորությունները:

Sputnik Արմենիա