ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն պնդում է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը, Շիրակի մարզի Անի համայնքի պատասխանատուն ու այլ անձինք ԱԺ ընտրություններում իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով գումար են տվել մի շարք ընտրողների։ Տեղեկությունը հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։
«Ընտրողներին առաջարկվել է 70 000-200 000 ՀՀ դրամի չափով ընտրակաշառք։ Խմբի անդամներն իրենց հանցավոր գործունեությանն օրինական տեսք հաղորդելու նպատակով ընտրակաշառք ստացող անձանց փաստաթղթավորել են որպես նախընտրական ակտիվիստներ, կամավորներ և տարածքային պատասխանատուներ։ Նրանց վճարվել է ոչ թե փաստացի կատարված աշխատանքի, այլ ընտրություններին նախապես պայմանավորված ձևով քվեարկելու խոստման դիմաց»,– ընդգծում են կոմիտեից։
Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
Հակակոռուպցիոն կոմիտեն նաև ձայնագրություն է հրապարակել, որտեղ ոմն Ռ. հետաքրքրվում է` արդյոք բերման ենթարկվածներ կան, ինչին ի պատասխան ոմն Թ. նշում է, որ անձնաց իբրև կամավորներ են ներկայացնում։
Ըստ ձայանգրության` ոմն Թ. Տիգրանին ասում է, որպեսզի իրեն ինչ էլ հարցնեն, պնդի` աշխատավարձ չի ստանում, ու ինքը կամավոր է գրանցվել։
Մեկ այլ ձայնագրությունում էլ Ռ.–ն ասում է, թե «Տաշիր պիցցա» ընկերությունների վրա են անձանց գրանցում։ Ըստ ձայնագրության` ոմն Ա.–ն էլ հիշեցնում է, որ իրեն հորթ են խոստացել։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանն անդրադարձել է իրավապահ մարմինների կողմից պարբերաբար հրապարակվող ձայնագրություններին, որոնք վերագրվում են «Ուժեղ Հայաստանի» անդամներին, համակիրներին և նրանց կողմից ընտրակաշառք առաջարկելուն, տրամադրելուն կամ բարեգործության արգելքը խախտելուն։
«Իրենք ձայնագրում են, իրենք ուրախանում են»,- ասաց Կարապետյանը՝ նշելով, որ այդ ձայնագրություններին լուրջ չի վերաբերվում։
Նրա խոսքով՝ ուժային ծառայությունները դրանցով արջի ծառայություն են մատուցում իշխանություններին։ Վստահ է, որ «Ուժեղ Հայաստանի» ակտիվիստների շարքում իշխանությունները մարդիկ են ներդնում, հետո ձայնագրում, կալանավորում։
Հավելենք, որ այսօր ավելի վաղ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ 2026 թվականի փետրվարի 7-ից սկսած` նախընտրական շրջանում, Հակակոռուպցիոն կոմիտեում ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 43 քրեական վարույթ։
Նշված վարույթներից 14-ով արդեն ձերբակալվել է 67 անձ, իսկ քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր առմամբ 75 անձի նկատմամբ։ Երկու մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Մեղադրյալներից 32-ի նկատմամբ ընտրվել են անազատության հետ կապված խափանման միջոցներ՝ կալանք և տնային կալանք, իսկ 29 անձի նկատմամբ կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ։
14 քրեական վարույթի շրջանակներում իրականացվել է 134 խուզարկություն, այդ թվում՝ քաղաքական տարբեր ուժերի 24 գրասենյակներում։ Գործողությունների արդյունքում հարցաքննվել է շուրջ 170 անձ։
Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
Sputnik Արմենիա
