Логотип

Հիմա խուզարկելու են ավտոտնակս. ի՞նչ են տարել իրավապահները Թևանյանի տնից

Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներն ու ԱԱԾ ծառայողները հիմա էլ խուզարկում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Անդրանիկ Թևանյանի ավտոտնակը։

ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները վաղ առավոտյան ներխուժել էին «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակ և այնտեղ էին խուզարկություն իրականացնում։ Թևանյանի բնակարանը սկսեցին խուզարկել ժամը 12։00-ի սահմաններում։ Sputnik Արմենիայի տեսանյութում երևում է, որ շուրջ 4 ժամ տևած խուզարկությունից հետո նրանք համակարգիչ են դուրս են բերում։

«Այնպիսի անհեթեթ ձևակերպումներ կային խուզարկությունների որոշման մեջ, որ անհասկանալի էր, թե ինչն էին եկել խուզարկելու և՛ մեր կուսակցության գրասենյակում, և՛ իմ բնակարանում, հիմա էլ` ավտոտնակումս։ Իրավունք չունեմ բացահայտելու, թե ինչ են տարել, ստորագրություն եմ տվել, որ նախաքննության շրջանակում չեմ կարող ասել։ Միայն կասեմ` մեր կողմից վաղուց մոռացված իրեր էին»,– ասաց Թևանյանը` հավելելով, որ գրասենյակի խուզարկությունների շրջանակում 7or.am-ի գույքն էլ են առգրավել, ու նախընտրական շրջանում խաթարվել է լրատվական կայքի աշխատանքը։

Ինչ վերաբերում է իրեն անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդությանը, ապա Թևանյանը շեշտեց` «ինչ ղալաթ ուզում են, թող անեն»։

Քաղաքական գործիչը որոշեց գնալ ԿԸՀ, որտեղ քննվում է նրան անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելու հարցը։

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին հայտարարեց, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Թևանյանի դեմ հաղորդում կուղարկի ՔԿ` հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու համար: Թևանյանի արձագանքը չուշացավ. նա հայտարարեց, որ հենց Փաշինյանն է պետական դավաճան և ապագայում ստիպված կլինի պատասխան տալ իր գործողությունների համար:

Մայիսի 21-ին ՔԿ–ն հայտնեց, որ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով։

Նշենք, որ Անդրանիկ Թևանյանը ԲՀԿ նախընտրական ցուցակում երկրորդն է։