ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն նոր տեսանյութ է հրապարակել` խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներին մեղադրելով իրենց օգտին քվեարկելու և համակիրներ հավաքագրելու համար ընտրակաշառք բաժանելու մեջ։
Ըստ կոմիտեի՝ կուսակցության անդամները փորձել են հավաքագրումներ իրականացնել Տավուշի մարզում։
Տեսանյութում ներառված են հեռախոսազրույցների գաղտնալսումներ, որտեղ, կոմիտեի պնդմամբ, քննարկվում է Ազգային ժողովի ընտրություններին ԲՀԿ-ի օգտին քվեարկելու նպատակով քաղաքացիներին դրամական միջոցներով նյութապես շահագրգռելու հարցը։
Հակակոռուպցիոն կոմիտեն նշել է, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են անհրաժեշտ վարութային գործողություններ։
Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
Sputnik Արմենիա
