Ռոսպոտրեբնադզորը հայտնել է, որ ՌԴ տարածքում կասեցվել է Հայաստանից ներմուծված՝ «հայտնաբերված անորակ» ալկոհոլային արտադրանքի, մասնավորապես՝ «Վեդի-Ալկո», «Աբովյանի կոնյակի գործարան» և «Շահնազարյան գինի-կոնյակի տուն» ընկերությունների արտադրած գինու և կոնյակի իրացումը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
«Ռոսպոտրեբնադզորը վերահսկողություն է իրականացնում շրջանառվող արտադրանքի, այդ թվում՝ ալկոհոլային արտադրանքի նկատմամբ։ Միջոցառումների արդյունքներով հայտնաբերվել է պարտադիր պահանջներին չհամապատասխանող արտադրանք, որն արտադրվել է «Վեդի-Ալկո» ՓԲԸ-ի, «Աբովյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի, ինչպես նաև «Շահնազարյան գինի-կոնյակի տուն» ՍՊԸ-ի կողմից (Հայաստանի Հանրապետություն)»,- լրագրողներին հայտնել են գերատեսչությունում։
«Պարտադիր պահանջներին չհամապատասխանող արտադրանքի իրացումը կանխելու նպատակով առևտրային կազմակերպություններին և ներմուծողներին ուղարկվել է տեղեկատվություն արտադրանքի իրացման կասեցման և անորակ ալկոհոլային արտադրանքը շրջանառությունից հանելու մասին»,- հավելել են Ռոսպոտրեբնադզորում։
Նշվում է, որ «պարտադիր պահանջներին չհամապատասխանող» է համարվում «Սովորական սորտային կարմիր կիսաքաղցր գինի «Գետափ Վերնաշեն» (11% սպիրտ, 0,75 լ, շշալցված՝ 03.02.2025) և «Սովորական սորտային սպիտակ չոր գինի «Վեդի Ալկո» Հարջի, Տ3 «Legends Arni» (12% սպիրտ, 0,75 լ, շշալցված՝ 17.12.2024) արտադրությունը՝ «Վեդի-Ալկո» ՓԲԸ-ի։
«Անորակ» արտադրանքի ցանկում է նաև «Սովորական հնգամյա կոնյակ «Հայկական կոնյակ 5 աստղ» (40% սպիրտ, 0,5 լ, շշալցված՝ 20.01.2025), որն արտադրվել է «Աբովյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի կողմից (Հայաստանի Հանրապետություն, ք. Աբովյան)։ Բացի այդ, «անհամապատասխանություն» է հայտնաբերվել «Մարկային հնեցված հայկական կոնյակ «ԿՎ» յոթնամյա «Շահնազարյան ХО» (40% սպիրտ, 0,5 լ, շշալցված՝ 16.05.2025) արտադրանքի մոտ, որն արտադրվել է «Շահնազարյան գինի-կոնյակի տուն» ՍՊԸ-ի կողմից (Հայաստանի Հանրապետություն, ք. Եղվարդ)։
Ավելի վաղ Ռոսպոտրեբնադզորը ժամանակավոր սանիտարական միջոց էր սահմանել Հայաստանում արտադրված «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումն ու շրջանառությունը Ռուսաստանում կասեցնելու վերաբերյալ՝ «հիդրոկարբոնատ-իոնի, քլորիդների և սուլֆատների պարունակության հայտնաբերված գերազանցման» պատճառով։
News.am
