Արագածոտնի թեմում կրկին միասնական աղոթքի էին համախմբվել հոգևոր սպասավորներն ու հավատավոր ժողովուրդը՝ իրենց սրտի խոսքն ու աղոթքը առ Աստված բարձրացնելու։
Այս անգամ Վերին Սասնաշենի Սուրբ Վարդան եկեղեցին էր լցվել խնկի բույրով, աղոթքի ձայնով և հոգևոր ներկայության խաղաղությամբ՝ համախմբելով բոլորին աղոթքի շուրջ:
Գողտրիկ այս սրբավայրում կրկին աղոթք է հնչել անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի և եղբայրների, սիրելի Առաջնորդ Մկրտիչ Սրբազանի, գերեվարված հայորդիների, հայրենիքի ու Սուրբ Եկեղեցու համար:
Ընթացս Ժամերգության՝ իր խոսքն է ներկաներին փոխանցել Թալինի հովվության հոգևոր սպասավոր՝ Արժանապատիվ Տեր Նշան քահանա Թովմասյանը:
Տեր Հայրն իր խոսքու անդրադարձել է առաջիկա կիրակիի խորհրդին և նշել. «Այս տոնը հոգևորականներիս համար մեր ուխտը նորոգելու ևս մեկ օր է:
Երբ մենք սկսում ենք չպահել Տիրոջ պատվիրանները, շարունակում ենք հետևել այն կուռքերին, որոնք չէին քարոզվում Քրիստոսի կողմից, այլ մարդկանց, չարի ու աշխարհի կողմից, կորցնում ենք մեր շնորհները և այդ շնորհները զանազանելու ունակությունը:
Մեզ համար այլ բան է գաղափարախոսություն և պատգամ գտնել Քրիստոսի խոսքերի մեջ, արժեք տալ փրկության գաղափարին և այլ բան է դուրս թողնել մեր կյանքց փրկությունը ու փորձել այդ արժեքները գտնել կյանքի այլ դրվագների մեջ:
Երբ մեզ տրվեց Մխիթարիչը՝ Սուրբ հոգին, մեզ տրվեց այդ շնորհները զանազանելու ունակությունը, բայց դրանք երկար ճանապարհներ են որոնք մեզ ուղորդում են, որովհետև մեր հանգրվանը պետք է լինի այն փարոսը, որտեղ կանգնած է Քրիստոս»:
Մայիսի 29-ին՝ ժամը 19:00-ին, միասնական ժամերգությունը տեղի կունենա Չքնաղ գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցում։
Aysor.am
