Логотип

Ռոսսելխոզնադզորը ամենամսյա մոնիթորինգ է իրականացնում Հայաստանից եկող արտադրանքի նկատմամբ

Ռոսսելխոզնադզորը ամեն ամիս իրականացնում է Հայաստանից ռուսական շուկա մուտք գործող արտադրանքի մոնիթորինգ։ Այս մասին ՏԱՍՍ-ին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում տված հարցազրույցում հայտնել է Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը։

«Մենք այժմ ամեն ամիս մոնիթորինգ ենք իրականացնում ռուսական շուկա մուտք գործող արտադրանքի նկատմամբ։ Դիտարկում և վերլուծում ենք։ Եթե մեկ ամսվա ընթացքում որևէ արտադրանքի մասով արձանագրված խախտումների աճ է լինում, մեր գործընկերները սկսում են բանակցություններ», – ասել է Դանկվերտը՝ պատասխանելով Հայաստանից մատակարարումների վերաբերյալ հարցին։

Մայիսի 30-ից Ռոսսելխոզնադզորը ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից Ռուսաստան թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչ մշակաբույսերի և ելակի ներմուծման վրա։ Հունիսի 2-ից նույնպիսի սահմանափակումներ են մտցվել նաև կեռասի, բալի, ծիրանի, դեղձի, սալորի, նեկտարինի և խաղողի մատակարարումների նկատմամբ։ Բացի այդ, հունիսի 3-ից սահմանափակվել է Հայաստանից սերմնավոր պտուղների, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծումը։

News.am