Логотип

Լավրով․ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության հարցը վճռական փուլում է, պետք է արագ կողմնորոշվել

Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության հարցը վճռական փուլում է և անհրաժեշտ է օպերատիվ կերպով հստակեցնել այն, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Երևանում հայտարարում են, թե առայժմ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին խոսք չկա, քանի որ իրենք դեռ չեն անդամակցել Եվրամիությանը։ Գիտեք, Հայաստանում արդեն ընդունվել է ԵՄ-ին անդամակցելու մասին օրենքը, այնպես որ հարցն արդեն խիստ է դրված… Այստեղ, անշուշտ, պետք է արագ կողմնորոշվել ու հարցերը լուծել»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Լավրովը։

Նա հիշեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի կառավարության անդամների խոսքերն այն մասին, որ Հայաստանի անդամակցության հարցը «ստիպված կլինենք բավականին արագ հստակեցնել»։ «Ոչ թե այն պատճառով, որ մենք չենք հարգում հայ ժողովրդի ընտրությունը։ Մենք ուզում ենք հստակ իմանալ այդ ընտրությունը։ Այլապես անհնար է կյանքի կոչել Եվրամիությանը միանալու մասին Հայաստանի օրենքը և միաժամանակ մնալ Եվրասիական տնտեսական միության կազմում, քանի որ այն նորմերը, որոնցով գործում են այս երկու կառույցները, չեն համապատասխանում միմյանց»,- ընդգծել է Լավրովը։

Ավելի վաղ Կրեմլից հայտարարել էին, որ Եվրամիության հետ ինտեգրվելու Հայաստանի ձգտումը նրա սուվերեն իրավունքն է, սակայն Երևանը չի կարող և չպետք է ընտրի այդ ուղին ԵԱՏՄ անդամ երկրների հաշվին։

News.am