ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հանցակազմ չի գտել «Իմ քայլը» հիմնադրամում։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամում սկսված ստուգումներին։
«Ուսումնասիրությունների արդյունքում Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության որևէ հատկանիշ չենք հայտնաբերել»,– ասաց Նահապետյանը։
Հարցին՝ Աննա Հակոբյանը չի՞ ասոցացվում Նիկոլ Փաշինյանի հետ, որ չի ուսումնասիրվել քարոզարշավի ընթացքում կատարված բարեգործությունը, Նահապետյանը պարզաբանեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեի համար օրենքը հստակ է սահմանել, թե ում և որ դեպքերում կարող է ստուգել, երբ խախտվել է բարեգործության արգելքը։
«Եթե անգամ ասոցացվում է Աննա Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի հետ, ապա դա ենթադրում է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի խախտում և չի գտնվում Հակակոռուպցիոն կոմիտեի իրավասության տիրույթում։ Իսկ ասոցացման մասով, եթե չեմ սխալվում, «Անկախ դիտորդը» դիմել է դատարան։ Այսինքն՝ մեզ վերաբերելի հարց չունենք, քանի որ հստակ սահմանված է, թե որ սուբյեկտներին է վերաբերում բարեգործության արգելքը»,– շարունակեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը։
Հիշեցնենք, որ «Անկախ դիտորդ» դաշինքը ապրիլի 22-ին դիմում է ներկայացրել վարչական դատարան, որի համար հիմք են հանդիսացել ընտրություններին նախորդող փուլում «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական միջոցառումները։
Sputnik Արմենիա
