Երևանի Կապույտ մզկիթին կից մշակութային կենտրոնում Իրանի նախկին առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին նվիրված հիշատակի երեկո անցկացվեց։
Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին իր խոսքում հայտարարեց, որ Խամենեին միշտ առանձնահատուկ ուշադրություն է դարձրել Հայաստանի հետ հարաբերություններին։
«Նա Հայաստանն անվանում էր անկեղծ հարևան և երկրին վերաբերվում էր առանձնահատուկ հարգանքով»,– նշեց դիվանագետը։
Խամենեին մշտապես հանդես է եկել Իրանի և Հայաստանի ժողովուրդների միջև կապերի ամրապնդման օգտին, և, ինչպես ընդգծեց դեսպանը, այդ մոտեցումը կշարունակվի։
Երեկոյի շրջանակում ցուցադրվեց Խամենեիի կյանքին ու հայացքներին նվիրված վավերագրական ֆիլմ։ Դրանում նշվում էր, որ, նրա համոզմամբ, հայրենիքի պաշտպանությունը, հավատարմությունը, անձնազոհությունը և մարդկային արժանապատվությունը չեն ճանաչում կրոնական և ազգային սահմաններ։
Ֆիլմի հեղինակներն ընդգծել են, որ Իրանի հայերը, Խամենեիի կարծիքով, ոչ թե պարզապես կրոնական փոքրամասնություն են, այլ իրանցի ժողովրդի, նրա պատմության, մշակույթի և ազգային տոկունության անբաժանելի մասը։
Ֆիլմում նշվում էր նաև, որ նման մոտեցումը հարազատ է Իրանի և Հայաստանի ժողովուրդներին, որոնց համար հավատը, ընտանիքը, ազգային ինքնությունը, սերը հայրենիքի հանդեպ և զոհվածների հիշատակը պատմական ժառանգության կարևորագույն բաղադրիչներ են։
Ֆիլմի հեղինակների կարծիքով՝ Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները երբեք չեն սահմանափակվել բացառապես քաղաքականությամբ կամ բարիդրացիությամբ։ Դրանք հիմնված են բազմադարյա պատմական կապերի, փոխադարձ հարգանքի, առևտրային համագործակցության և ընդհանուր պատմական հիշողության վրա։
Վերջում ընդգծվում էր, որ երկու երկրների միջև հարաբերությունները շարունակում են զարգանալ փոխադարձ հարգանքի, վստահության և ամուր պատմական կապերի հիման վրա։
Հիշեցնենք` Խամենեին սպանվեց ամերիկա–իսրայելական հարվածների առաջին օրը՝ փետրվարի 28-ին։ Լուրը պաշտոնապես հաստատվեց մարտի 1-ին։
Խամենեիի հիշատակի սգո միջոցառումները Իրանում սկսվել են հուլիսի 3-ին։ Հուլիսի 9-ին նրան կհուղարկավորեն հայրենի Մեշհեդ քաղաքում։
Sputnik Արմենիա
