Ալավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզը համայնքին վերադարձնելու նպատակով դատախազությունը պետշահերի հայցեր կներկայացնի դատարան։ Այս մասին հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, որը երկօրյա այցով Լոռու մարզում էր, Ալավերդիում շրջել է 2000-2005 թթ. ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզի տարածքներով։
Խոսքը Սանահին-Սարահարթ թաղամասի 1-ին զանգվածում գտնվող մանկապարտեզի, 3-րդ զանգվածի թիվ 9 մանկապարտեզի, Էնգելս թաղամասի թիվ 5, թիվ 12 մանկապարտեզների, Ջրավազան փողոցի թիվ 4 մանկապարտեզի և Զորավար Անդրանիկի 8/3 հասցեի թիվ 8 մանկապարտեզի մասին է:
Նշվում է` մարզի դատախազը տեղեկացրել է, որ վերոնշյալ բոլոր գույքերի մասնավորեցման իրավաչափությունը պարզելու համար իրականացված ուսումնասիրության արդյունքներով նախապատրաստվում են հայցեր, իսկ մեկով հայց է ներկայացվել իրավասու դատարան:
Վարդապետյանը մանկապարտեզներն Ալավերդի համայնքին վերադարձնելու վերաբերյալ հանձնարարականներ է տվել մարզի դատախազին` սահմանելով կատարման ժամկետներ:
Sputnik Արմենիա
