Լրագրողների հետ զրույցի ընթացքում Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին հարց է ուղղվել այն մասին, թե արդյո՞ք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրվել է Մոսկվա՝ մայիսի 9-ի միջոցառումներին մասնակցելու համար:
Լրագրողները հետաքրքրվել են՝ արդյո՞ք ՀՀ վարչապետն ընդունել է Մեծ հայրենական պատերազմում հաղթանակի օրվան նվիրված հիշատակի միջոցառումներին մասնակցելու հրավերը:
Պատասխանելով հարցին՝ դիվանագետը նշել է, որ, իր տեղեկություններով, հրավերներն ուղարկվել են մի շարք «եղբայրական երկրների» ղեկավարների, սակայն հրաժարվել է կոնկրետ պատասխան տալ Հայաստանի վարչապետի մասնակցության վերաբերյալ:
«Որքանով ինձ հայտնի է, հրավիրվել են մեր բոլոր եղբայրական երկրների ղեկավարները։ Կտեսնենք»,- հայտարարել է դեսպանը։
Իսկ լրագրողների հստակեցնող հարցին, թե արդյոք հայտնի է՝ Նիկոլ Փաշինյանն ընդունե՞լ է հրավերը, դիվանագետը խուսափողական պատասխան է տվել․
«Ես դեռ պատրաստ չեմ պատասխանել։ Ոչ, չգիտեմ»,– ասել է նա։
Այսպիսով, ռուսական դիվանագիտական առաքելության ներկայացուցիչը ոչ հաստատել է, ոչ էլ հերքել Մոսկվայում մայիսի 9-ի միջոցառումներին Հայաստանի վարչապետի հնարավոր մասնակցության մասին տեղեկությունը։
News.am
