44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին միավորող «Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում կսատարի Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» դաշինքին։ Այս մասին ասված է նրանց տարածած հայտարարությունում։
ՀԿ-ն հայտարարության մեջ վերահաստատել է իր հավատարմությունը 2020 թվականի պատերազմից հետո որդեգրած քաղաքական կուրսին։ Կազմակերպության անդամները նշում են, որ իրենց գործունեության հիմքում ընկած են «վրեժի և արդարության սկզբունքները»։
Անդրադառնալով երկրի ներկա իրավիճակին՝ «Որդիների կանչ» ՀԿ-ն ներկայիս փուլն օրհասկան է որակել։ Ըստ հայտարարության հեղինակների՝ պետությունը կանգնած է կամ որպես հայկական միավոր շարունակվելու, կամ թուրք-ադրբեջանական տանդեմի մեջ «անփառունակ լուծվելու» վտանգի առջև։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ ԿԸՀ–ն առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից, որոնցից 2-ը դաշինք են, 17-ը՝ կուսակցություն։
Sputnik Արմենիա
