Логотип

Վեդիում մանկապղծության գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ

Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեքսուալ բռնի գործողություններ կատարելու հոդվածով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ։ Sputnik Արմենիային տեղեկությունը հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

«Տեղի ունեցած առերևույթ դեպքի կապակցությամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ)»,- հայտնեցին դատախազությունից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վեդի քաղաքում մանկապղծության դեպք է գրանցվել, իսկ Վեդու բնակիչները, որոնք կատարել են այդ արարքը, ազատության մեջ են` 58 և 65–ամյա տղամարդիկ ազատ են արձակվել ձերբակալության 72 ժամը չլրացած։ Մայիսի 3-ին ՆԳՆ–ն հայտնեց, որ Վեդի քաղաքում անառակաբարո գործողություն կատարած 1 անձ ձերբակալվել է ու ներկայացվել ՔԿ։

Նշենք, որ այսօր մամուլի ասուլիսի ժամանակ փաստաբան Վարդուհի Էլբակյանը հայտնեց, որ գործում ներգրավված է 3 անձ, տուժողները 2 քույրեր են՝ 15 և 17 տարեկան։

Էլբակյանը հայտնեց, որ մտավախություն ունի՝ կարող է ընտանիքից 3-րդ տուժող էլ լինի, ինչի առնչությամբ դեռ անհրաժեշտ է տվյալներ հավաքագրել։ Նրա խոսքով՝ 65-ամյա Դավիթ Այնազյանն անցնում է 2 երեխաների գործով, 58-ամյա Արթուր Երեմյանն ու «բարերարը» (որը պարբերաբար ընտանիքին իբրև թե նյութական օգնություն էր ցուցաբերում– խմբ․)՝ 1 երեխայի։