Логотип

Հայաստանում խստացվել են ռազմական արտադրանքի շրջանառության ոլորտի պահանջները

Հայաստանում սահմանվել են հստակ իրավական նորմեր, որոնք թույլ են տալիս առավել արդյունավետ կառավարել ռազմական նշանակության արտադրանքի շրջանառության հետ կապված հնարավոր այն ռիսկերը, որոնք կարող են սպառնալ Հայաստանի ազգային անվտանգությանը կամ շահերին։ Համապատասխան որոշումն ընդունվել է մայիսի 7-ին ՀՀ կառավարության նիստում։

Որոշմամբ նախատեսվում են իրավական նորմեր, որոնք կարգավորում են ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման և նման արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզիաների տրամադրման մերժումը։ Դա իրականացվում է այն դեպքում, երբ լիցենզիայի տրամադրումը վտանգ է ներկայացնում Հայաստանի ազգային անվտանգությանը կամ շահերին։

Նշվում է, որ նախկինում գործող իրավական նորմերը չէին նախատեսում ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման, տարանցման կամ նման արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզիայի հայտը մերժելու հնարավորությունը, որովհետև դրանք կարող էին վտանգ հանդիսանալ Հայաստանի ազգային անվտանգությանը կամ շահերին։

Արդի աշխարհաքաղաքական իրավիճակը, տարբեր տարածաշրջաններում պատերազմների ու զինված հակամարտությունների առկայությունը, ինչպես նաև ռազմական տեխնոլոգիաների թռիչքաձև զարգացումը պահանջում են առավել արդյունավետ վերահսկողություն սահմանել ռազմական արտադրանքի շրջանառության նկատմամբ։

Առանց պատշաճ վերահսկողության վերոնշյալ գործունեությամբ զբաղվելը կարող է հանգեցնել տարբեր անցանկալի հետևանքների. մասնավորապես՝ ռազմական արտադրանքը կարող է օգտագործվել Հայաստանի կամ նրա հետ դաշնակցային հարաբերությունների մեջ գտնվող պետությունների դեմ, նպաստել ահաբեկչական կամ ապօրինի զինված խմբավորումների զինմանը, հանգեցնել Հայաստանի միջազգային հեղինակության անկմանը կամ բարդություններ առաջացնել դիվանագիտական հարաբերություններում։

News.am