Логотип

Շենգավիթում ԲՀԿ թեկնածուի պաստառն ապամոնտաժելիս ծեծ ու քաշքշուկ է եղել, կա հոսպիտալացված

Շենգավիթում այսօր հարձակվել են թաղապետարանի աշխատակիցների վրա, նրանցից մեկը գլխին հասցված հարվածի հետևանքով վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանը։

Այս միջադեպից առաջ, ըստ քաղաքապետի խոսնակի, Շենգավիթ վարչական շրջանի աշխատակիցներն այցելել են այն հատված, որտեղ տեղադրված է եղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզչական պաստառը, և սկսել այն ապամոնտաժել։ Կարապետյանի խոսքով` պաստառն օրենքի խախտումով է տեղադրված եղել, այն գերազանցել է թույլատրելի 5 քմ ծավալը: Թաղապետարանի աշխատակիցների վրա հարձակումը տեղի է ունեցել պաստառն ապամոնտաժելու ժամանակ։

Կարապետյանը նշել է, որ իրավապահներն արդեն պարզում են միջադեպի հանգամանքերը, և ՆԳՆ–ն ավելի ուշ կհրապարակի հավելյալ մանրամասներ:

Դեպքին անմիջապես արձագանքել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Գևորգ Ստեփանյանը, որը «Ֆեյսբուքի» իր էջում նշել է, որ ապամոնտաժել են իր պաստառը, ինչպես նաև քանդել իր նախընտրական շտաբը։

«Իմ նկարն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պաստառը փակցված է եղել «Հայրենիք» կինոթատրոնի վրա։ Սեփականատերը թույլ է տվել, ու մենք փակցրել ենք։ Ես նորմալ հարաբերություններ ունեմ տարբեր մարդկանց հետ, խնդրել ենք, ու նկարը փակցված է եղել «Հայրենիք» կինոթատրոնի վրա։ Մեզ ասացին, որ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակիցները գռեհիկ պահվածքով մոտեցել են ու առանց սեփականատիրոջը հարցնելու` պոկել են պաստառը, շպրտել: Ինձ հասած տեղեկություններով` սեփականատիրոջը հայհոյել են, որի արդյունքում սեփականատիրոջ և թաղապետարանի աշխատակիցների միջև վեճ է ծագել ու քաշքշուկ»,– ուղիղ եթերում պատմել է նա։

Ստեփանյանի խոսքով` եթե իրենց նորմալ զգուշացնեին, որ պետք է փոխվեն պաստառի չափսերը, իրենք դա կանեին, այլ ոչ թե նման իրավիճակ կստեղծվեր։ Նա վստահեցրեց, որ ոչ մի սադրանքի չեն տրվելու։

Նշենք, որ վաղվանից` մայիսի 8–ից, սկսվում է ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավը։

Sputnik Արմենիա