Ութ տարի առաջ իշխանության եկավ մի խումբ՝ սիրո և համերաշխության կարգախոսներով, և ժամանակը ցույց տվեց, որ սերն ու համերաշխությունը բաժին հասան Ալիևին ու Էրդողանին, իսկ մեր ժողովրդին՝ պառակտումը, ատելությունը միմյանց նկատմամբ և թշնամանքը։ Այդ մասին մայիսի 8-ին Էջմիածնում նախընտրական քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Աննա Գրիգորյանը։
«Հիմա վերջինս (Նիկոլ Փաշինյանը – խմբ.) կրծքին է սեղմում Էրդողանի գիրքը, իսկ Արցախի ջարդերի մասին գիրքն անվանում է սադրանք։ Ժամանակին նա հպարտությամբ ասում էր, որ Արցախը Հայաստան է և վերջ, իսկ հիմա նույն ցինիկ հպարտությամբ ասում է, որ Արցախն Ադրբեջան է։ Ութ տարի առաջ նա պարում էր Շուշիում, իսկ հետո այն անվանեց դժբախտ և դժգույն քաղաք։
Ժամանակին նա Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի հետ հաց էր կիսում, իսկ այսօր չի համարձակվում ձայն հանել, երբ Ալիևը նրանց անվանում է ռազմական հանցագործներ։ Սա խայտառակություն է։
Ութ տարի առաջ մեր ժողովուրդը հպարտանում էր արցախյան հաղթանակով, իսկ այսօր մեզ ասում են, որ հպարտության առարկա պետք է ծառայի Կիրանցի ճաքած պատը։
Նախկինում նրանք լուսանկարվում էին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ և դա անվանում պատմական իրադարձություն, իսկ այսօր խայտառակ պատերազմ են հայտարարել Հայ Առաքելական Եկեղեցուն։
Մենք դա թույլ չենք տա։ Մենք ջանք չենք խնայելու իրավիճակը փոխելու համար։
Մենք միասին կկարողանանք հասնել նրան, որ Հայաստանի տարածքից դուրս բերվեն թշնամական զորքերը։ Ամեն ինչ կանենք, որպեսզի օր առաջ Բաքվի բանտերից վերադարձնենք մեր հայրենակիցներին։ Մենք միասին կհեռացնենք վախկոտ և խամաճիկ իշխանություններին։
Միասին մենք կկառուցենք անվտանգ պետություն. ամենափորձառու առաջնորդ ունեցող թիմի ուժերը ներում են դրա համար։ Առաջիկա ամիսը լինելու է բախտորոշ, մենք միասին կկարողանանք հաղթահարել մարտահրավերները», – հավելել է Գրիգորյանը։
News.am
