Логотип

Սամվել Շահրամանյան․ Արցախցիները շատ լավ գիտեն՝ որ քաղաքական ուժին չպետք է ընտրեն

Հայաստանի գործող իշխանությունը Արցախյան շարժման ժառանգությունը ոչնչացնելու հստակ ծրագիր է իրականացնում՝ քողարկվելով «արդյունավետ կառավարման» կարգախոսներով և փորձելով Արցախը ներկայացնել որպես հայ ժողովրդի համար օտար տարր։ Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը։

Նա նշել է, որ այն պնդումները, թե Արցախը «երբեք մերը չի եղել», ցավոտ են ընդունվում ժողովրդի կողմից, բայց դրանցում կա ճշմարտության հատիկ. Արցախն իսկապես երբեք «սեփական» չի եղել նրանց համար, ովքեր այսօր պատրաստ են հրաժարվել դրանից՝ կասկածելի խաղաղության համար։

Շահրամանյանը կտրականապես հերքել է այն թեզը, թե արցախցիներն ապրել են Հայաստանի հարկատուների հաշվին՝ հիշեցնելով մաքսային սահմանի բացակայության, ինչպես նաև Արցախի հանքարդյունաբերության ու գյուղատնտեսության շնորհիվ Հայաստանի բյուջե ուղղվող հսկայական հարկերի մասին։

Արցախի նախագահն ընդգծել է, որ տրամադրվող ֆինանսական աջակցությունը միջպետական վարկ էր, իսկ Արցախն ինքը տասնամյակներ շարունակ ծառայել է որպես վահան՝ իր վրա վերցնելով թշնամու առաջին հարվածները։ «Դա չի նշանակում, որ այնտեղ ձրիակերների նման նստած սպասում էին միայն ՀՀ պետբյուջի գումարներին։ Մինչև 2023 թվականը Արցախում ամեն տաս տարեկան երեխան երեք լայնամասշտաբ պատերազմ է տեսել, և հենց արցախցիներն են առաջինը հարվածն իրենց վրա վերցրել՝ պաշտպանելով ընդհանուր հայրենիքը», – նշել է Սամվել Շահրամանյանը։

Անդրադառնալով Հայաստանի իշխանությունների կողմից «աղետի կանխման» կարգախոսներով առաջ մղվող «խաղաղության օրակարգի» թեմային՝ Շահրամանյանը մատնանշել է առաջարկվող պայմանների նվաստացուցիչ բնույթը։ Նա կասկած է հայտնել այն խաղաղության տևականության վերաբերյալ, որը կառուցվում է Հայաստանի տարածքների օկուպացիայի, բաքվի բանտերում ռազմագերիների պահման և հարյուրավոր անհետ կորած հայրենակիցների ֆոնին։

Արցախի նախագահի խոսքով՝ ներկա իրավիճակը ընտրություն է, և քաղաքացիները պետք է առաջիկա ընտրություններում իրենց վերաբերմունքը արտահայտեն այս ուղեգծի նկատմամբ՝ որոշելով՝ արդյոք Արցախի շարժումը շարունակվելու է, թե այն վերջնականապես փակվելու է իշխանությունների կողմից։

Շահրամանյանն անդրադարձել է նաև Քննչական կոմիտե իր պարբերական կանչերին՝ որոշ քաղաքական գործիչների կողմից Արցախի ղեկավարության հասցեին հնչող մեղադրանքները որակելով որպես ցնդաբանություն։ Նա ընդգծել է, որ միշտ պատրաստ է համագործակցել քննչական մարմինների հետ և իր իրավական կարգավիճակի հետ կապված անհանգստանալու պատճառ չունի։ Խոսելով Հայաստանի քաղաքական կյանքին արցախցիների մասնակցության մասին՝ նա նշել է, որ թեև ինքն ըստ կառավարության որոշումների պաշտոնապես ՀՀ քաղաքացի չի համարվում, սակայն իր հայրենակիցները հիանալի հասկանում են իրավիճակը։ «Արցախցիներին պետք չէ ուղղորդել, թե որ քաղաքական ուժի օգտին քվեարկեն. նրանք շատ լավ գիտեն, թե հատկապես որ ուժին չպետք է ընտրեն»,— եզրափակեց Սամվել Շահրամանյանը։

News.am