Логотип

Արման Թաթոյան․ Մեզ պետք է Հայաստանի, ոչ թե Ադրբեջանի շահերն առաջ տանող իշխանություն

Հայաստանի ներկայիս ղեկավարությունը նպատակաուղղված կերպով փորձում է մոռացության մատնել մեր ժողովրդի ձեռքբերումները՝ արժեզրկելով ազգային արժանապատվության խորհրդանիշները հանուն մի օրակարգի, որը չի բխում հայկական պետության շահերից։ Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Միասնության թևեր» կուսակցության նախագահ Արման Թաթոյանը։

Նա ընդգծել է, որ այդ օրը սուրբ եռատոն է՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի կազմավորման օր, և իշխանությունների կողմից պատմության այդ էջերը ջնջելու փորձերն անթույլատրելի են։

Թաթոյանը նշել է, որ իշխանության գալու դեպքում իր թիմը կապահովի հերոսների, նրանց ընտանիքների և վետերանների լիարժեք մեծարումը՝ նրանց շրջապատելով ամենօրյա պետական հոգածությամբ։ Քաղաքական գործիչն ընդգծել է, որ ներկա իրավիճակը, երբ պատմության մեջ առաջին անգամ Արցախում հայ չի մնացել, կառավարության սխա և հակահայկական քաղաքականության ուղղակի հետևանքն է։ «Եկեք հիշենք 2018 թվականի Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ նրա ուղերձը։ Ով պիտի իմանար, որ չարաչար պետք է խաբվեր մեր ժողովուրդը, իսկ հետո իր սխալ քաղաքականության պատճառով այսքան կորուստներ կրեինք»,- շեշտել է Արման Թաթոյանը՝ հավելելով, որ իշխանությունները փորձում են նսեմացնել անգամ Բանակի օրվա խորհուրդը՝ տոների համար ընտրելով պատահական ու ոչինչ չասող օրեր։

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ կուսակցության առաջնորդը հիշեցրել է երկու ժողովուրդների դարավոր բարեկամության և Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի գործում հայերի անգնահատելի ավանդի մասին։ Նա նշել է, որ չնայած երկկողմ հարաբերություններում այսօր առկա լուրջ խնդիրներին, չի կարելի անտեսել մշակութային և մարդկային խորը կապերը։

Թաթոյանի կարծիքով՝ դաշնակիցների հետ հարաբերություններում առկա բարդություններն ու Հայաստանի հարավային սահմանների անպաշտպան լինելը պաշտոնական Երևանի ձախողված քաղաքական կուրսի հետևանքն են։ «Յուրաքանչյուր պետություն հետապնդում է իր շահերը, և մենք չպետք է մեր դժբախտությունների համար միայն ուրիշներին մեղադրենք։ Մեզ պետք է Հայաստանի, ոչ թե Ադրբեջանի շահերն առաջ տանող իշխանություն»,- եզրափակել է Թաթոյանը։

News.am