Логотип

Գարեգին Բ․ Մայիսի 9-ը պիտի ամրապնդի զորեղ պետություն կերտելու մեր տեսլականը

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ՝ ընդգծելով Մայիսի 9-ի խորհուրդը և հայ ժողովրդի դերը ֆաշիզմի դեմ պայքարում ու արցախյան հերոսամարտերում, ասվում է նրա ուղերձում։

Վեհափառը նշել է, որ Հայրենական մեծ պատերազմում կերտված հաղթանակը ժողովուրդների միասնական պայքարի վկայությունն է ընդդեմ անարդարության և չարիքի, ու հայ ժողովուրդն իր կարևոր ավանդն է ունեցել այդ հաղթության մեջ։

Նա հիշեցրել է, որ տասնամյակներ շարունակ մայիսի 9-ը մեզ համար նշանավորվել է նաև Արցախյան գոյամարտի հաղթանակով։

«Այսօր, երբ բռնազավթված և հայաթափված է Արցախը, պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանությանը»,- ասվում է ուղերձում։

Կաթողիկոսը հավելել է, որ անցյալի հաղթանակները պետք է ամուր պահեն հայությանը՝ զորեղ ու անվտանգ պետություն կերտելու ճանապարհին։ Հայրապետական ուղերձում առանձնակի կարևորվել է հոգատարությունը պատերազմի վետերանների, զոհվածների և անհայտ կորածների ընտանիքների հանդեպ։

Վեհափառն աղոթք է բարձրացրել նահատակված հայորդիների հոգիների խաղաղության համար և հայցել Բարձրյալի հովանին՝ հանուն հայրենիքի անվտանգության ու ժողովրդի միասնականության։

Մայիսի 9-ի առավոտյան Հաղթանակի զբոսայգի էին այցելել բարձրաստիճան պաշտոնյաներ և քաղաքական գործիչներ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին։

Armenia Today