Логотип

Վարչական դատարանը վերադարձրել է Աննա Հակոբյանի գլխավորած հիմնադրամի դեմ հայցը

Վարչական դատարանը շտկումների համար վերադարձրել է «Անկախ դիտորդ» դաշինքի կողմից Աննա Հակոբյանի գլխավորած «Իմ քայլը» հիմնադրամի դեմ ներկայացված հայցը, հայտնում է «Փաստինֆո»-ն։

Մասնավորապես, դատարանը նշել է, որ անհրաժեշտ է պարզաբանել, թե արդյոք «Անկախ դիտորդ»-ն իրավունք ունի՞ հայց ներկայացնել, քանի որ Վարչական դատարան կարող են դիմել ընտրություններին մասնակցող կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը, համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուն կամ այդ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունները։

Դատարանը նաև նշել է, որ անհրաժեշտ է ներկայացնել կազմակերպության՝ որպես դիտորդ գրանցման ապացույցներ, մասնավորապես՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համապատասխան որոշումը։

Դատարանը նաև նշել է, որ հայցում, որպես պատասխանող, նշվում է «Իմ քայլը» հիմնադրամը, մինչդեռ եթե դատարանը համապատասխան որոշում կայացնի, հիմնադրամի ղեկավար Հակոբյանը կարող է պատասխանատվության ենթարկվել։

Դատարանը նշել է հայցը համապատասխանաբար փոփոխելու անհրաժեշտությունը։ Ըստ դատարանի՝ հայցվորների կողմից դատարան է ներկայացվել միևնույն պատասխանողին ուղղված միմյանց հետ չկապված 15 պահանջ, այն է՝ վարչական պատասխանատվության ենթարկել «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրենին: Նշվում է, որ չնայած հայցադիմումով ներկայացված պահանջներն ուղղված են միևնույն պատասխանողի դեմ, սակայն չեն կարող դիտվել փոխկապակցված, քանի որ դրանք վերաբերում են վարչական պատասխանատվություն ենթադրող տարբեր իրավիճակների։

«Անկախ դիտորդ»-ն ապրիլի 22-ին դատական հայց էր ներկայացրել վարչական դատարան՝ նշելով, որ հիմնադրամի կողմից իրականացվող միջոցառումները (քաղաքացիների խրախուսմանն ուղղված հիմնադրամի ծրագրերը) փոխկապակցվում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, ինչը խախտում է գործող բարեգործության արգելքի օրենսդրությունը։ Վերջինս արգելում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների հետ փոխկապակցված ՀԿ-ների գործունեությունը՝ սկսած ընտրությունների նշանակման օրվանից։ Եթե հայցը բավարարվի, Հակոբյանին սպառնում է մինչև 6 միլիոն դրամ տուգանք:

Ավելի ուշ նա հայտարարել էր «Անկախ դիտորդ» կոալիցիային և դրա ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանին դատի տալու մտադրության մասին:

Armenia Today