Թալինցիներին որպես սոցիալական աջակցություն ավելի քան 11 միլիոն դրամ բաժանած Տավրոս Սափեյանը չի խախտել բարեգործության արգելքը, քրեական վարույթ չի նախաձեռնվի։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Ավելի վաղ «Անկախ դիտորդը» ահազանգել էր, որ Թալինի ՔՊ-ական համայնքապետ Տավրոս Սափեյանը նախընտրական այս շրջանում խախտել է բարեգործության արգելքը՝ ավելի քան 11,5 միլիոն դրամի սոցիալական օգնություն տրամադրելով թալինցիներին։ Առերևույթ հանցանքի մասին հաղորդում էր ներկայացվել։
«Անկախ կուսակցական պատկանելությունից, քաղաքական հայացքներից կամ որևէ այլ հանգամանքներից՝ պաշտոնավարման ամբողջ ժամանակահատվածում համայնքի ղեկավար հանդիսացող անձն ունի «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքից և այլ իրավական ակտերից բխող լիազորություններ, որոնք չեն դադարում Ազգային ժողովի ընտրություններում ընտրական ցուցակում՝ որպես թեկնածու ներգրավված լինելու հանգամանքով պայմանավորված»,- գրում է Օհանջանյանը։
Նրա պարզաբանմամբ՝ այս դեպքում Սափեյանն իրականացրել է ի պաշտոնե բխող գործառույթներ՝ ուղղված համայնքային խնդիրների լուծմանը: Օհանջանյանի խոսքով՝ սոցիալական աջակցություն տրամադրելու վերաբերյալ որոշումները նա կայացրել է ոչ թե որպես կուսակցության անդամ կամ պատգամավորի թեկնածու, այլ որպես համայնքի ղեկավար:
«Որոշումները կայացնելու հիմքում դրվել են ոչ թե անձնական դրդապատճառները կամ կուսակցական շահերը, այլ օրենքով սահմանված ընթացակարգերը, այն է՝ քաղաքացիներից ստացված սոցիալական աջակցության վերաբերյալ դիմումները, սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովող մշտական հանձնաժողովի և կամավոր խնդիրների լուծման նախաձեռնությունն ուսումնասիրող հանձնաժողովի դրական եզրակացությունները, որոնք իրենց հերթին բխել են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի և Թալին համայնքի ավագանու համապատասխան որոշմամբ հաստատված կարգի պահանջներից»,- նշում է կոմիտեի խոսնակը։
Ըստ նրա՝ առկա չէ նաև որևէ տվյալ, թե սոցիալական աջակցությունը զուգորդվել է քարոզչությամբ կամ պայմանավորված է եղել ընտրողների կամքի ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու հանգամանքով։
Sputnik Արմենիա
