Логотип

Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորել է Վրաց եկեղեցու նորընտիր կաթողիկոս-պատրիարքին

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն շնորհավորական ուղերձ է հղել Վրաց ուղղափառ եկեղեցու նորընտիր Պետ, Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Շիո Երրորդին:Այս մասին տեղականում ենք Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։

Հայոց հայրապետն իր բարեմաղթանքներն է փոխանցել եղբայրական եկեղեցու առաջնորդին՝ ընդգծելով երկու ժողովուրդների հոգևոր կապերի կարևորությունը։ Վեհափառ հայրապետն իր նամակում բարձր է գնահատել Շիո Երրորդի անցած հոգևոր ուղին՝ նշելով, որ այս բարձր ընտրությունը տարիների վաստակի արդյունքն է։

«Ձեր ընտրությունը վառ վկայությունն է Վրաց եկեղեցուն ու ժողովրդին բերած Ձեր տարիների նվիրյալ սպասավորության։ Մեր աղոթքն է, որ Ամենակալ Տերն Իր առատ շնորհներով մշտապես զորավիգ լինի Ձեզ հայրապետական բարձր առաքելության մեջ՝ խաղաղության ու օրհնության շավիղներով առաջնորդելու բարեպաշտ վրաց ժողովրդին»,- ասված է շնորհավորական ուղերձում։

Անդրադառնալով հայ-վրացական հոգևոր հարաբերություններին՝ Գարեգին Երկրորդը վստահություն է հայտնել, որ նորընտիր Պատրիարքի գահակալության շրջանում այդ կապերն էլ ավելի կամրապնդվեն։

«Ձերդ Սրբություն, սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, Հայոց և Վրաց Եկեղեցիների միջև դարավոր եղբայրական կապերը՝ խարսխված մեր Տեր Հիսուս Քրիստոսի սիրո և հարուստ հոգևոր ու պատմական ժառանգության վրա, վստահ ենք, Ձեր Պատրիարքության օրոք ևս կշարունակեն ամուր հիմք ծառայել մեր Եկեղեցիների, ժողովուրդների և պետությունների գործակցության համար»,– նշված է ուղերձում։

Ուղերձի ավարտին նորին սրբությունը Շիո Երրորդին մաղթել է քաջառողջություն և երկար տարիների արգասաբեր գործունեություն։ Ամենայն հայոց կաթողիկոսը հույս է հայտնել, որ նորընտիր պատրիարքի հովվապետությունը կնպաստի Վրաց եկեղեցու պայծառությանը և հավատավոր վրաց ժողովրդի բարօրությանը։

Մետրոպոլիտ Շիոն 57 տարեկան է։ 2003 թվականից նա ղեկավարում է Սենակիի և Չխորոծկուի թեմը։

Նա 2017 թվականի վերջին Համայն Վրաստանի կաթողիկոս–պատրիարք Իլյա Բ–ի հրամանագրով նշանակվել էր Վրաց ուղղափառ եկեղեցու հայրապետական աթոռի տեղապահ:

Հիշեցնենք, որ Իլյա 2–րդը վախճանվեց մարտի 17-ին։ Հուղարկավորության արարողության պատարագը մատուցեց միտրոպոլիտ Շիոն (Մուջիրի):

Իլյա 2–րդը հուղարկավորվեց Սիոնիի Մայր տաճարում:

Sputnik Արմենիա