ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անփորձությունը Հայաստանին կանգնեցրել է աշխարհաքաղաքական բարդ երկընտրանքի և անվտանգային լուրջ սպառնալիքների առջև։ Այս մասին սոցցանցերում տեսաուղերձով ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
Նրա պնդմամբ՝ Փաշինյանն անընդունակ է հավասարակշռված քաղաքականություն վարել ուժային կենտրոնների միջև։ Որպես օրինակ Օսկանյանը հիշատակել է Մոսկվայում ՌԴ նախագահի հետ հանդիպումը, որտեղ, ըստ Օսկանյանի, վարչապետը տվել է «սխալ» պատասխան ԵԱՏՄ-ԵՄ հակասությունների վերաբերյալ։
«7-րդ դասարանի աշակերտը երևի թե այդպիսի պատասխան չէր տա։ Փաշինյանը դիվանագիտությունից կիլոմետրերով հեռու մարդ է, նա չի իմացել և այսօր էլ չի իմանում, թե ինչ է դիվանագիտությունը, և այս 8 տարիների ընթացքում բացարձակապես ոչինչ չի սովորել»,- հայտարարել է նախկին նախարարը։
Օսկանյանն ընդգծել է, որ այսօրվա բոլոր արհավիրքները գալիս են հենց այն իրողությունից, որ ցանկացած երկընտրանքի առջև հայտնվելիս վարչապետը միշտ կատարում է սխալ ընտրություն։ Չնայած Երևանում անցկացված եվրոպական գագաթնաժողովներին և միջոցառումներին՝ Օսկանյանը կարծում է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները բովանդակային առումով գտնվում են վերջին 30 տարվա ամենավատ վիճակում։ Նա զուգահեռներ է անցկացրել իր պաշտոնավարման տարիների հետ՝ նշելով, որ նախկինում հարաբերություններն ավելի խորքային էին ու շահավետ։
«Վերջին 8 տարում եվրոպական որևէ լուրջ ընկերություն ներդրում չի արել Հայաստանում։ Նախկինում հարաբերությունները եղել են շատ ավելի բովանդակային ու խորքային։ Հայաստանը դրանից արդյունք է քաղել և՛ Եվրամիության, և՛ ՆԱՏՕ-ի հետ՝ զուգահեռաբար շատ լավ հարաբերություններ պահպանելով և՛ Ռուսաստանի, և՛ Միացյալ Նահանգների, և՛ մյուսների հետ։ Ուղղակի պատճառ չկա քեզ ինչ-որ երկընտրանքի առաջ դնելու և հարաբերությունները սրելու։ Եվրամիության հետ եղել են գագաթնաժողովներ Բրյուսելում և Երևանում, նույնը՝ ՆԱՏՕ-ի հետ։ ՆԱՏՕ-ի բոլոր գլխավոր քարտուղարներն այդ 10 տարիների ընթացքում այցելել են Հայաստան. նույնիսկ վիզաների ազատականացման հարցում Փաշինյանից առաջ՝ այդ 10 տարիների ընթացքում, մեր ժամանակ՝ CEPA-ի) ստորագրմամբ, շատ ավելի մեծ հնարավորություններ են եղել»,– ասել է Օսկանյանը։
ՀՀ նախկին արտգործնախարարը մեղադրել է ՀՀ վարչապետին կենսաչափական անձնագրերի գործընթացը տապալելու մեջ, ինչը տարիներով հետաձգել է ազատականացման հարցը։ Ըստ նրա՝ իրական գործընկերությանը փոխարինել է «շոուն», որի արդյունքում միայն սրվում են հարաբերությունները Ռուսաստանի հետ։
Վարդան Օսկանյանը «բացարձակ սուտ» է որակել իշխանական թեզը, թե իրենց հեռանալու դեպքում պատերազմ կլինի։ Նրա խոսքով՝ նման սպառնալիքով սեփական ժողովրդին վախեցնելը պետք է քրեորեն պատժելի լինի։ Փոխարենը նա կանխատեսում է տնտեսական կոլապս Փաշինյանի վերընտրվելու պարագայում։
Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
Sputnik Արմենիա
