Վարորդական իրավունքից խմածության հետևանքով զրկված վարորդները ցանկանում են այն կրկին վերականգնելու համար քննություն չհանձնել, այլ ուղղակի տուգանք վճարել։ Նրանք այս մասին ասացին Երևանի Շենգավիթ վարչական շրջանում քարոզարշավ իրականացնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին։
«Մենք հանցագործ չենք, մի հատ թերություն է եղել, սխալ ենք արել, բալային համակարգով բալեր են հանվել, որոշակի խմածություն է եղել։ Ընդհանուր առմամբ մենք ո՛չ պատահարներ ունենք, ո՛չ էլ զոհեր»,– ասաց վարորդներից մեկը։
Փաշինյանն էլ ի պատասխան ընդգծեց, որ այս հարցով զրուցել է ՀՀ ՆԳ նախարարի հետ ու փորձել հասկանալ, թե օրենսդրությամբ անձամբ ինքն ինչպես կարող է հարցին լուծում տալ։ Ընդգծեց` օրենքով չկա ուրիշ տարբերակ, քան գնալ և 1 տարի անց կրկին քննություն տալ ու վարորդական իրավունքը վերականգնել։
Վարորդները նշեցին, որ 1700 հատ հարց կա քննական հարցաշարում, բայց այնտեղ կան բառեր և արտահայտություններ, որոնք իրենք չեն հասկանում։
«Առաջարկում ենք ինչ–որ տուգանք վճարել, համ էլ պետական բյուջեն կլցվի, մենք էլ վարորդական իրավունք ստանալու քննություն չտանք»,– ասաց վարորդը։
Մեկ այլ առաջարկ էլ հնչեց` բալային համակարգում փոփոխություն անել և տաքսիստների համար ներկա 13 բալը ավելացնել ևս մի քանի հատով։
Խմածության հետևանքով վարորդական իրավունքից զրկված վարորդները երկրորդ շանս են խնդրում վարչապետից ու պնդում` մեկ անգամ սխալ են արել, այլևս չեն կրկնի նույնը։ Նման քայլ կատարելու դեպքում վարորդները խոստանում են` պատրաստ են նույնիսկ ցմահ զրկվել վարորդական իրավունքից։
Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
Sputnik Արմենիա
