ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ Երևանում մեկնարկում է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 13-րդ մրցույթը: Նախագծի գործընկերն է Քալաշյան պարարվեստի դպրոցը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Այս տարի Էդվարդ Միրզոյանի անվան մրցույթին իրավունք են ստացել մասնակցելու 15 պատանի կոմպոզիտորներ. կրտսեր խմբում ընդգրկված են Արթուր Գրիգորյանը, Հրաչյա Ղազարյանը, Մոնթե Միքայելյանը, Ադրիանա Շահինյանը, Կարեն Պետրոսովը, Արայիկ Սարգսյանը, Արամ Ֆրանգուլյանը, ավագ խմբում՝ Գրիգոր Խաչատուրյանը, Վահե Ղուլիջողլյանը, Գարիկ Հարությունյանը, Անդրե Հովակիմյանը, Նորայր Նիկողոսյանը, Դալար Չիչիանը, Վիկտորյա Ուլիխանյանը, Յուրի Ուսաչյովը: Մայիսի 13-ին և 15-ին Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահում տեղի կունենան կրտսեր և ավագ խմբերի մրցութային երկու փուլերը (ժամը՝ 17:00): Մայիսի 18-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կկայանա մրցույթի գալա համերգ-մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հայտնի կդառնան այս տարվա մրցանակակիրները: Համերգային երեկոյի ընթացքում կհնչեն մրցանակակիրների ստեղծագործությունները: Այս տարի առաջին անգամ բեմում կներկայացվի նաև խորեոգրաֆիկ պատկեր, որի հիմքում կլինեն նախորդ տարվա մրցանակակիրների ստեղծագործությունները:
Մրցույթի ավարտից հետո՝ մինչև հունիս, մրցանակակիրները միասնական համերգով հանդես կգան Աշտարակում: Մրցութային փուլերի և գալա համերգի մուտքն ազատ է:
News.am
