Ես համապատասխան հարցում եմ ուղարկել Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետությունում հեղուկ գազի գնագոյացմանը վերաբերող իրավիճակը պարզելու համար։ Այդ մասին մայիսի 12-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ընթացքում Armpulse-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Հիմա ուսումնասիրություններ են անցկացվում։ Ասացին, որ արդյունքները պատրաստ կլինեն մեկ շաբաթից», – հայտնել է նախարարը։
Նրա խոսքով՝ վառելիքի այս տեսակի գների կտրուկ աճի հիմնական պատճառներից մեկը կապված է Ռուսաստանում ստեղծված իրավիճակի հետ։
«Այն տուրք է սահմանել երկրի սահմաններից դուրս բերվող հեղուկ գազի վրա։ Եվ դա վերաբերում է բացարձակապես բոլոր երկրներին, ոչ միայն մեզ։ Այս խնդիրը որոշակի չափով ազդում է նաև գնագոյացման վրա», – պարզաբանել է Պապոյանը։
Կառավարության ներկայացուցիչը նաև մատնանշել է հարևան Իրանում ստեղծված բարդ իրավիճակը։
«Այնուամենայնիվ մեզ հաջողվել է ապահովել նվազագույն ծրագիր։ Այսինքն՝ գազ կա։ Հիմա մենք անցնում ենք առավելագույն ծրագրին։ Մենք ուզում ենք, որ գազը շատ լինի, և պահեստները լցված լինեն դրանով։ Դա թույլ կտա նվազեցնել գազի գները», – նշել է Էկոնոմիկայի նախարարության ղեկավարը։
Նա խնդրել է հայրենակիցներին համբերել։
«Բայց կան խնդիրներ, որոնք դեռևս անլուծելի են։ Ռուսաստանը որոշել է բարձրացնել տուրքերը։ Հիմա, եթե այս հարցը շարունակի մնալ անփոփոխ, ինքնարժեքը կբարձրանա։ Այսինքն՝ կան գործոններ, որոնք մենք չենք կարող անտեսել։ Եթե այդ գործոնները մինչև վերջ մնան անփոփոխ, ապա կներեք, բայց հեղուկ գազի գինը կարող է էլ չընկնել։ Սակայն կա նաև սեզոնային գործոն», – հայտարարել է Պապոյանը՝ հավելելով, որ ամեն դեպքում նախկին գներին վերադարձ չի լինի։
News.am
