Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը զուգահեռներ է անցկացրել Երևանի քաղաքական կուրսի և Ուկրաինայում իրադարձությունների սկզբի միջև՝ կապված Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացման հետ։
Վոլոդինը հիշեցրել է, որ Հաղթանակի տոնի նախաշեմին Երևանում տեղի է ունեցել գագաթնաժողով, որին հավաքվել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հյուրերը, և դրան հաջորդել են Հայաստան եկածների, այդ թվում՝ Վլադիմիր Զելենսկու ելույթներն ու հայտարարությունները։
«Այսօր բոլորի համար ակնհայտ է դարձել հարցը. ինչպե՞ս կզարգանան հարաբերությունները Փաշինյանի նման արարքներից հետո: Մեր պետություններն ավելի մո՞տ կլինեն, թե՞ ավելի հեռու: Հարաբերություններում լարվածությունն ավելի քիչ կլինի՞, թե՞ ավելի շատ: Ամենայն հավանականությամբ՝ երկրորդը: Ակամա զուգահեռ է առաջանում. հենց այսպես ամեն ինչ սկսվեց Ուկրաինայում: Պե՞տք է դա արդյոք Հայաստանի սովորական քաղաքացիներին»,- գրել է Վոլոդինը «Մաքս» հարթակի իր ալիքում:
Նա նշել է, որ Ռուսաստանն ունի ամենամտերիմ և լավ հարաբերություններից մեկը հայ ժողովրդի հետ, ՌԴ տարածքում բնակվող հայերի թիվը գրեթե հավասար է Հայաստանում բնակվողների թվին, և Ռուսաստանում հայերն իրենց դրսևորում են մյուս ազգությունների հետ հավասար՝ զբաղեցնելով պաշտոններ, ընտրվելով պատգամավորներ և օգնելով Հայաստանում ապրող իրենց հարազատներին ու մտերիմներին։
«Կանխատեսում եմ, որ կսկսվեն այնպիսի հայտարարություններ, թե՝ «Մենք ինքնիշխան պետություն ենք, ինչ ուզում ենք, անում ենք»: Ոչ ոք չի խոսում ինքնիշխանության և միջամտության մասին: Խոսքը բարոյականության և պարկեշտության մասին է: Դրանք կա՛մ կան, կա՛մ չկան: Կարելի է բարձր պաշտոններ զբաղեցնել, բայց դա չի նշանակում, որ մարդն օժտված է այդ որակներով»,- հավելել է Պետդումայի նախագահը:
Վոլոդինի բնորոշմամբ՝ Ռուսաստանի հարաբերությունները երկրների հետ կառուցվում են բարեկամության, փոխշահավետ համագործակցության, ինքնիշխան պետությունների գործերին չմիջամտելու սկզբունքների վրա, և այնտեղ, որտեղ դրանք ձևավորվում են համակողմանիորեն, դա վերածվում է ռազմավարական գործընկերության և ավելին՝ դաշնակցային հարաբերությունների։
«Եվ, իհարկե, հաշվի առնելով ձեռք բերված մակարդակը՝ կառուցվում է աշխատանքն, ընդգծվում է, թե որքան կարևոր է մեզ համար զարգացնել հարաբերությունները երկրների ու ժողովուրդների միջև: Մեր կողմից, չնայած այն հանգամանքին, որ Պետական դուման ներկայացված է տարբեր քաղաքական խմբակցություններով և յուրաքանչյուր պատգամավոր իր ձևով է տեսնում իրավիճակը, փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի բարեկամությունն ամրապնդվի: Ըստ էության, մշտապես հետևում ենք դրան»,- ընդգծել է նա:
News.am
