Խորհրդային և ռուսաստանցի հեռուստահաղորդավար, «Կեսգիշերից առաջ և հետո» («До и после полуночи») ծրագրի հեղինակ Վլադիմիր Մոլչանովը մահացել է 75 տարեկան հասակում: Այս մասին հայտնել է լրագրող Յուրի Ռոստը։
«Կյանքից հեռացել է հրաշալի, արժանապատիվ մարդ Վոլոդյա Մոլչանովը։ Տաղանդավոր ու խելացի ռուս մտավորական, բարոյական լրագրող, փայլուն հեռուստահաղորդավար, ազնիվ գրող և իմ լավ ընկերը։ Կորուստը մեծ է և անդառնալի»,-Telegram-ալիքում գրել է Ռոստը։
Մոլչանովն աշխատել է «Новости» մամուլի գործակալությունում (АПН)։ Զբաղվել է նացիստական հանցագործությունների լրագրողական հետաքննություններով։ Բացի այդ, Մոլչանովն աշխատել է «Время» ծրագրի խմբագրությունում՝ որպես միջազգային բաժնի մեկնաբան։ 1987 թվականի մարտին եթեր է մտել «Կեսգիշերից առաջ և հետո» տեղեկատվական-երաժշտական հաղորդաշարի առաջին թողարկումը, որը դարձել է «պերեստրոյկայի» ժամանակաշրջանի ամենահայտնի ծրագրերից մեկը։
Չորս տարի շարունակ հեռուստատեսությունում աշխատելիս, «Կեսգիշերից առաջ և հետո» հաղորդմանը զուգահեռ, վարել է նաև «Время» և «90 (հետո՝ 120) րոպե» ծրագրերը։ 1999 թվականից աշխատել է Համառուսաստանյան պետական հեռուստատեսային և ռադիոհեռարձակման ընկերություն (ВГТРК) հոլդինգի նախագծերում։
Պարգևատրվել է Պատվո շքանշանով, եղել է «ՏԷՖԻ», ինչպես նաև Ռուսաստանի լրագրողների միության «Ռուսաստանի ոսկե գրիչ» մրցանակների դափնեկիր։
Sputnik Արմենիա
