Логотип

Տեր Հակոբ Աբեղա Սահակյանը մեկնաբանում է Ախալցիխեի Սուրբ Նշան եկեղեցում տեղի ունեցած վանդալիզմի դեպքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մենք չէինք սպասել այսպիսի վանդալիզմ, պատահական իմացանք մեր քաղաքացիներից, որ բոլոր սրբապատկերները, որտեղ նաև կային վրացական սրբապատկերներ, հայկականի հետ մեկ տեղ, հայտնվել են աղբանոցում։ Այս մասին հայտարարել է Տեր Հակոբ աբեղա Սահակյանը՝ անդրադառնալով Ախալցխայի հնամենի Սուրբ Նշան եկեղեցում տեղի ունեցածին, որտեղ անհայտ անձինք եկեղեցում զետեղված սրբապատկերները աղբանոցի կողքն էին նետել։

«Ամբողջությամբ սրբել էին և տարել աղբանոցի կողքն էին գցել։ Մենք հավաքեցինք բոլորը, դիմեցինք պատկան մարմիններին, մեր վերադասին, որպեսզի այս վանդալիզմը, որ չգիտենք, թե ում կողմից է արված, պատասխան ստանա։

Սրանով առաջին հերթին կպնում են հայ և վրացի մեջ եղբայրներին, մեր սրբություններին։ Դուք տեսաք, որ հայկականի կողքին նաև որոշ քանակությամբ վրացական սրբապատկերներ կային, երկուսը միասին էր դուրս շպրտված եկեղեցուց։

Մենք ուզում ենք, որ սա արձագանք գտնի պատկան մարմինների կողմից և վերահսկվի եկեղեցին, որ նման քայլերը չկրկնվեն և մեր ժողովրդին չտանեն թյուրիմաց ության, չհրահրեն ու իրար դեմ չհանեն երկու ազգերին։ Սա կատարողները կամ հիվանդ են, կամ դիտավորյալ, մտածված քայլեր են երկու ազգի հանդեպ»,–ասաց նա։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Ախալցխայի Մարդա թաղամասի եկեղեցիներից մեկից հանել են սրբապատկերները և դրել աղբամանի մոտ։ Դեպքը տեղի է ունեցել մայիսի 11-ի լույս 12-ի գիշերը։ Հաջորդ օրը բնակիչները սրբապատկերները վերադարձրել են տաճար։ Փաստի առթիվ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածով (Կրոնական ծիսակատարությանը ձեռնամուխ լինելուն ապօրինի խոչընդոտելը)։ Այս մասին հայտնում են Ախալցխայի տեղական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ այս տաճարն արդեն երկար տարիներ վեճի առարկա է Ուղղափառ և Հայ Առաքելական թեմերի միջև, իսկ ժամերգություններ այնտեղ այլևս չեն անցկացվում։

Հարակից տների բնակիչները սրբապատկերները աղբամանների մոտ նկատել են մայիսի 12-ի առավոտյան, երբ դուրս են եկել աղբը թափելու: